Ուգոչուկվու Իվուն բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը լուրջ կորուստ է կրել ԱԱ-2026-ի որակավորման վճռորոշ հանդիպումներից առաջ։ Ղազանի «Ռուբինի» և Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն չի կարողանա մասնակցել նոյեմբերի 13-ին Հունգարիայի և նոյեմբերի 16-ին՝ Պորտուգալիայի դեմ կայանալիք հանդիպումներին՝ վնասվածքի պատճառով։
Ֆուտբոլիստը երկրորդ խաղն անընդմեջ առողջական խնդիրներ ունի։ ՌՊԼ-ի 15-րդ տուրի «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում Իվուն դաշտում անցկացրեց 81 րոպե և ստիպված եղավ լքել խաղադաշտը վնասվածքի հետևանքով։ «Ռուբինի» և հավաքականի բուժանձնակազմը հաստատել է, որ վերականգնման համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի ֆուտբոլիստը չի միանա Եղիշե Մելիքյանի թիմին առաջիկա հավաքների ընթացքում։
Իվուն ազգային թիմի կարևորագույն խաղացողներից մեկն է․ նա առաջին րոպեից մասնակցել է նախորդ բոլոր որակավորման հանդիպումներին և առանցքային դեր է խաղացել խաղի կենտրոնում։
Իվուի բացակայության պայմաններում նրա տեղը կարող են զբաղեցնել կիսապաշտպաններ Կարեն Մուրադյանը («Արարատ-Հայաստան») կամ Նարեկ Աղասարյանը («Ուրարտու»)։
Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ հանդիպումները որոշիչ կլինեն Հայաստանի հավաքականի հետագա շանսերը գնահատելու համար այս ընտրական փուլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0