ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Նարդին Մուլահուսեյնովիչը «Նոայի» նոր հարձակվողն է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանյան «Նոա» ակումբը հայտարարեց 27-ամյա բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հարձակվողը տեղափոխվել է «Զրինյսկի Մոստար»-ից, որի հետ նախորդ մրցաշրջանում դարձավ Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։ Պայմանագիրը նախատեսված է երեք տարով։ Մուլահուսեյնովիչը հանդես է գալու 32 համարի տակ։
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ բոսնիացի կենտրոնական հարձակվողը կտեղափոխվի «Նոա», որպեսզի փոխարինի վնասված Գոնսալու Գրեգորիուին։
Մուլահուսեյնովիչը ուժեղ դասական հարձակվող է՝ գերազանց գոլային զգացողությամբ և երկրորդ հարկում վստահ խաղով։ Վերջին տարիներին նա մշտապես եղել է Բոսնիայի առաջնության լավագույն հարձակվողներից մեկը և բազմիցս աչքի է ընկել եվրագավաթային խաղերում։
Նարդինը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Գրադաչաց»-ում, ապա հանդես եկել Սլովենիայի «Մարիբոր»-ում, իսկ իրական բեկումը տեղի ունեցավ «Զրինյսկի»-ում, որտեղ նա դարձավ հարձակման գծի առանցքային խաղացող։ Անցած մրցաշրջանում նրա հաշվին էր 16 գոլ և 5 գոլային փոխանցում։
Մուլահուսեյնովիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 800 հազար եվրո, իսկ խաղացողի հասակը՝ 191 սմ։
Հիշեցնենք, որ «Նոան» Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլում մրցելու է Գիբրալթարի «Լինքոլնի» դեմ, իսկ արդեն օգոստոսի 3-ին կմեկնարկի Հայաստանի Պրեմիեր լիգան՝ «Շիրակի» դեմ խաղով։
«Այնտեղ, որտեղից ես եմ, երբեք չենք հանձնվում։ Այդ բոսնիական կրակը, այդ հաղթանակների սովը՝ ամեն ինչ ես ինձ հետ բերել եմ «Նոա»։ Առաջ, «Նոա», առաջ», — պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Նարդին Մուլահուսեյնովիչը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0