ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Մոմո Յանսանեն տեղափոխվեց «Փյունիկ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» հայտարարել է գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեի հետ պայմանագիր ստորագրելու մասին։ 28-ամյա ֆուտբոլիստը դարձավ թիմի հերթական նորեկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Յանսանեն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքում՝ «Հաֆիա» ակումբում, այնուհետև տեղափոխվել է մարոկկոյական ՖՅՈւՍ Ռաբաթ։ 2019 թվականին հարձակվողը միացել է բելառուսական «Իսլոչին», որտեղ աչքի է ընկել արդյունավետ խաղով․ 57 հանդիպումներում խփել է 23 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ 2019 մրցաշրջանի արդյունքներով Յանսանեն ճանաչվել է ակումբի լավագույն ֆուտբոլիստ։
2021 թվականի ամռանը գվինեացին պայմանագիր է կնքել տիրասպոլյան «Շերիֆի» հետ։ Մոլդովական գրանդի կազմում նա մասնակցել է 2021/22 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլին և գոլ է խփել Դոնեցկի «Շախտյորի» դարպասը։ Նույն մրցաշրջանում Յանսանեն դարձել է Մոլդովայի չեմպիոն և երկրի գավաթակիր։
Իր կարիերայի ընթացքում հարձակվողը պաշտպանել է նաև ռուսական «Նիժնի Նովգորոդի», խորվաթական «Ռիեկայի», վրացական «Տորպեդո» (Քութայիսի) և ադրբեջանական «Սումգայիթի» գույները։
Յանսանեի նախորդ ակումբը եղել է Կիպրոսի «Օմոնիա Արադիպպուն», որտեղ նա հանդես էր գալիս 2025 թվականի օգոստոսից։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում և խփել 3 գոլ։
Միջազգային մակարդակում Յանսանեն խաղացել է Գվինեայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների հավաքականներում, իսկ 2021 թվականին նորամուտն է նշել ազգային հավաքականում։
Մասնագիտացված պորտալների գնահատմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 250 հազար եվրո։ Յանսանեն դարձավ «Փյունիկի» այս ձմեռվա չորրորդ ձեռքբերումը։ Ավելի վաղ թիմին միացել էին Խամես Սանտոսը, Ռոբերտ Դարբինյանը և Արտակ Դաշյանը, իսկ Վյաչեսլավ Աֆյանը վերադարձել է ԲԿՄԱ-ից, որտեղ երկամյա վարձակալությամբ անցնում էր զինվորական ծառայություն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0