Պաշտոնապես․ Էդգար Սևիկյանը՝ «Ակրոնի» խաղացող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը կշարունակի իր կարիերան Ռուսաստանում։ 24-ամյա ֆուտբոլիստը հունգարական «Ֆերենցվարոշից» վարձակալությամբ տեղափոխվեց Տոլյատիի «Ակրոն» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը՝ հետագա գնման տարբերակով։
Նախորդ մրցաշրջանում Սևիկյանը վարձակալությամբ խաղում էր մոսկովյան «Լոկոմոտիվում», որտեղ անցկացրեց 20 հանդիպում և կատարեց չորս գոլային փոխանցում։ Ամառվա ընթացքում նա վերադարձավ «Ֆերենցվարոշ», սակայն չկարողացավ ամրապնդվել Հունգարիայի չեմպիոնների կազմում՝ մասնավորապես օտարերկրյա խաղացողների նոր սահմանափակման պատճառով։ Արդյունքում խաղացողը և ակումբը որոշեցին տեղափոխություն իրականացնել մի թիմ, որտեղ Սևիկյանը կկարողանա ստանալ մշտական խաղաժամանակ։
Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ հանդես է եկել «Լևանտեում» և նույնիսկ իր առաջնախաղն է ունեցել Լա Լիգայում՝ «Խետաֆեի» դեմ։ Ռուսաստանում խաղացողը ներկայացրել է «Պարի ՆՆ»-ն՝ անցկացնելով 40 խաղ և ունենալով 9 արդյունավետ գործողություն։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 18 հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
Մոտ ժամանակում Սևիկյանը կմիանա «Ակրոնին»՝ հավաքականի հետ ԱԱ-2026 ընտրական խաղերը ավարտելուց հետո։ Պորտուգալիայի դեմ խաղում նա դաշտ դուրս եկավ երկրորդ կեսում, իսկ Իռլանդիայի դեմ հանդիպմանը մնաց պահեստայինների մեջ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0