Պաշտոնապես․ հայական արմատներով ֆուտբոլիստ Ռունի Բարդաղջին պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
19-ամյա հարձակվող Ռունի Բարդաղջին, ով ունի հայական արմատներ, դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Կատալոնական ակումբը հայտարարել է, որ ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
«Բարսելոնայի» պաշտոնական հայտարարության համաձայն՝ տրանսֆերը համաձայնեցվել է «Կոպենհագենի» հետ։ Կուվեյթում ծնված շվեդ ֆուտբոլիստի համար իսպանական կողմը վճարել է 2 միլիոն եվրո և նաև տոկոս է տրամադրելու ապագա վաճառքից։
Աջ եզրով հանդես եկող Բարդաղջին հայտնի է իր տեխնիկայով, արագությամբ և արդյունավետությամբ։ Թեև լուրջ վնասվածքի պատճառով նա մոտ մեկ տարի դուրս էր մնացել խաղերից, Ռունին հասցրել է մասնակցել «Կոպենհագենի» հիմնական կազմի 84 խաղի, խփել 15 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նա երեք անգամ դարձել է Դանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել է երկրի գավաթը։
Sportaran-ի տվյալներով՝ հնարավոր է՝ Ռունիի հետ միասին «Բարսելոնայի» ակադեմիա տեղափոխվի նաև նրա կրտսեր եղբայրը՝ 15-ամյա Ռայան Բարդաղջին, ով հանդես է գալիս «Կոպենհագենի» համակարգում։
Այսպիսով, «Բարսելոնան» ձեռք է բերել Եվրոպայի ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներից մեկին, ով, բացի շվեդական քաղաքացիությունից, ունի նաև հայկական արմատներ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0