Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը համաձայնել է տեղափոխվել թուրքական ակումբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերի» բրազիլացի լատերալ Լուիս Էնրիկեն կարող է շարունակել կարիերան Թուրքիայի առաջնությունում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ «Բեշիկթաշը» համաձայնության է հասել 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի անձնական պայմանների շուրջ և մտադիր է ձևակերպել նրա տեղափոխությունը արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Լուիս Էնրիկեն անցյալ ամռանը «Մարսելից» տեղափոխվել է «Ինտեր»՝ մոտ 23 միլիոն եվրոյի դիմաց։ Մրցաշրջանի սկզբում բրազիլացին հազվադեպ էր հայտնվում «ներաձուրիների» մեկնարկային կազմում, սակայն Դենզել Դումֆրիսի վնասվածքից հետո կարողացավ ամրապնդվել պաշտպանության աջ եզրում։ Այս պահին նրա ակտիվում կա 20 հանդիպում և մեկ գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։
Չնայած դրան՝ Էնրիկեի ապագան միլանյան ակումբում մնում է անորոշ։ Գարնանը սպասվում է Դումֆրիսի վերադարձը, իսկ «Ինտերի» ղեկավարությունը նաև դիտարկում է ևս մեկ եզրային պաշտպան ձեռք բերելու տարբերակը, ինչը կարող է նվազեցնել բրազիլացու խաղաժամանակը։
Թուրքական և իտալական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Ինտերը» պատրաստ է Լուիս Էնրիկեին «Բեշիկթաշ» բաց թողնել վարձակալությամբ՝ մեկուկես տարի ժամկետով։ Միլանցիները գործարքի համար պահանջում են մոտ 5 միլիոն եվրո։
Նշենք նաև, որ «Ինտերի» ևս մեկ ֆուտբոլիստ կարող է շարունակել կարիերան Թուրքիայում․ Դավիդե Ֆրատեզին դիտարկում է «Գալաթասարայի» և «Յուվենտուսի» առաջարկները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0