Նիկողոսյան․ ՀՖՖ-ի 2026–2030 թվականների ռազմավարությունը պատրաստ է, սակայն կներկայացվի հանրային քննարկումից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը նիստի ընթացքում ամփոփեց ՀՖՖ-ի 2020–2025 թվականների ռազմավարության իրականացման արդյունքները, ինչպես նաև տեղեկացրեց 2026–2030 թվականների նոր ռազմավարական ծրագրի պատրաստ լինելու մասին, որը, սակայն, առայժմ պաշտոնապես չի ներկայացվի։
Նիկողոսյանի խոսքով՝ ռազմավարությունը հաստատվել է 2019 թվականին՝ դեռևս այն ժամանակ, երբ Արմեն Մելիքբեկյանը չէր զբաղեցնում ՀՖՖ նախագահի պաշտոնը։ Նա ընդգծեց, որ այդ շրջանում անհնար էր կանխատեսել COVID-19 համավարակը, 44-օրյա պատերազմը, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ իր տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքներով։ Փաստաթուղթը ներառում էր վեց հիմնական ուղղություն՝ ազգային հավաքականներ, մանկապատանեկան ֆուտբոլ, մասսայական և սիրողական ֆուտբոլ, պրոֆեսիոնալ ֆուտբոլ, կանանց ֆուտբոլ և ենթակառուցվածքներ։
2019–2025 ռազմավարության չիրականացված կետերը
Ելույթի ընթացքում նշվեցին այն խնդիրները, որոնք չհաջողվեց իրականացնել, դրանցից մի քանիսը՝
-
Հայաստանի ազգային հավաքականի դուրս գալը Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլ։
-
Հայաստանի U17, U19 և U21 հավաքականների որակավորումը Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլեր։
-
Հայաստանի կանանց հավաքականների մասնակցությունը միջազգային մրցաշարերի եզրափակիչ փուլերին։
-
Երկրի ողջ տարածքում 10 ֆուտբոլային ակադեմիայի կառուցում։
-
Ֆուտբոլիստների զարգացման միասնական ծրագրի ներդրում բոլոր ակադեմիաներում և թիմերում․ գործնականում ընդհանուր ծրագրով աշխատում են միայն 2–3 ակումբ։
-
Ֆուտբոլով զբաղվողների ընդհանուր թվի ավելացում մինչև 80 հազար մարդ․ ներկայումս այն կազմում է մոտ 40 հազար։
-
ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի, ավելի քան 30 հազար տեղանոց մարզադաշտի կառուցում․ նախագիծը գտնվում է միայն կառավարության կողմից պլանավորման փուլում։
Իրականացված խնդիրները
Միևնույն ժամանակ Նիկողոսյանը նշեց մի շարք իրականացված կետեր, որոնցից մի քանիսը՝
-
Երիտասարդական հավաքականներում խաղացողների պատրաստում հիմնական ազգային հավաքականի համար․ U-հավաքականների բազմաթիվ ֆուտբոլիստներ հրավիրվել են գլխավոր հավաքական։
-
Հայաստանի ֆուտզալի հավաքականի հաջողությունները․ թիմը որակավորվել է ԵՎՐՈ-2026, իսկ աշխարհի 2028 թվականի առաջնության ընտրական փուլը առաջին անգամ կսկսի էլիտ ռաունդից։
-
Մանկապատանեկան ակադեմիաների թվի աճ․ ակումբները պետք է ունենան 7–10 տարիքային թիմ։ Նիկողոսյանը նշել է, որ ոչ բոլոր ակադեմիաներն են լիարժեք գործում։
-
6–18 տարեկան ֆուտբոլիստների թվի աճը մինչև 10 հազար։
-
Մարզերում որակավորված մարզիչների թվի զգալի աճ․ նպատակային 150 մասնագետի փոխարեն նրանց թիվը հասել է 789-ի։
-
Double Pass տաղանդների զարգացման ծրագրի կիրառումը բոլոր ակումբներում։
-
Սիրողական ֆուտբոլային լիգայի ստեղծումը։
-
Հայաստանի առաջնության հանդիպումների անցկացումը բացառապես ՈՒԵՖԱ-ի առնվազն 2-րդ կարգի մարզադաշտերում։
Խոսելով ապագայի մասին՝ Արմեն Նիկողոսյանը նշեց, որ ՀՖՖ-ի 2026–2030 թվականների ռազմավարությունը գրեթե պատրաստ է, սակայն ֆեդերացիան կարևոր է համարում այն ներկայացնել հանրային քննարկման։ Փաստաթղթի պաշտոնական ներկայացումը կկայանա հաջորդ ժողովի ընթացքում։
Վերջում նա ընդգծեց, որ նախորդ ռազմավարության 21 խնդիրներից հաջողվել է իրականացնել մոտ 55 տոկոսը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0