«Սաութհեմփթոնի» անհաջողությունը․ Ազազը անհասանելի է, Սպերծյանը կրկին կարող է առաջնահերթություն դառնալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չեմփիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնը» շարունակում է հարձակողական կիսապաշտպանի որոնումները՝ կազմը ուժեղացնելու համար։ Ավելի վաղ «սրբերը» համառ հետաքրքրություն էին դրսևորել «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերծյանի նկատմամբ։ Մամուլի տեղեկություններով՝ անգլիական ակումբը առաջարկել էր շուրջ 18 միլիոն եվրո հայ կիսապաշտպանի համար, սակայն «ցուլերը» դեռևս վերջնական պատասխան չեն տվել։
Միևնույն ժամանակ «Սաութհեմփթոնը» փորձեց պայմանագիր կնքել իռլանդացի կիսապաշտպան Ֆին Ազազի հետ, ով հանդես է գալիս «Միդլսբրոյում»։ Անցած մրցաշրջանում նա դարձավ թիմի առաջատարներից մեկը՝ Չեմփիոնշիփում խփելով 12 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։
BBC-ի տվյալներով՝ «սրբերը» 12 միլիոն ֆունտ էին առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն «Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ Ռոբ Էդվարդսը հաստատել է, որ այդ առաջարկը մերժվել է։
Այսպիսով՝ Ազազի անհաջող փորձից հետո «Սաութհեմփթոնը» կարող է վերադառնալ «Կրասնոդարի» հետ ակտիվ բանակցություններին Էդուարդ Սպերծյանի հարցով, ով մնում է ակումբի առաջնային թիրախների շարքում։ Սակայն Ազազի շուրջ բանակցությունների սկիզբը ցույց է տալիս, որ «Սաութհեմփթոնը» արդեն հոգնել է ռուսական ակումբի պատասխանից սպասելուց։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0