Նաիր Տիկնիզյանը և նրա դերը «Ցրվենա Զվեզդա»-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի և մոսկովյան «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մոտ ժամանակներում կարող է փոխել ակումբը։ Հենց ազգային հավաքականի խաղերից հետո նա կուղևորվի Բելգրադ՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու սերբական գրանդ «Ցրվենա Զվեզդա»-ի հետ։ Այդ մասին հաղորդում են վստահելի աղբյուրներ՝ ինսայդեր Իվան Կարպովը, հայ լրագրող Նորիկ Սերոբյանը և Chempionat պորտալը։
Եկեք պարզենք՝ ինչ իրավիճակում է այժմ գտնվում «Ցրվենա Զվեզդա»-ն և ինչ դեր կարող է խաղալ թիմում Նաիր Տիկնիզյանը։
«Ցրվենա Զվեզդա»՝ Սերբիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի մասնակից
2024/25 մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդա»-ն վստահ հաղթանակ տարավ Սերբիայի առաջնությունում և մեծ առավելությամբ դարձավ չեմպիոն՝ ապահովելով մասնակցություն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի երկրորդ որակավորման փուլին։ Թիմը նոր մրցաշրջանին կսկսի պատրաստվել արդեն հունիսի 16-ին, և այս պահին ակտիվ աշխատում է տրանսֆերային շուկայում։
Ամռանը բելգրադցիները արդեն ուժեղացրել են պաշտպանության կենտրոնը՝ պայմանագիր կնքելով երկու կենտրոնական պաշտպանի հետ։ Դրանք են՝ Սերբիայի հավաքականի խաղացող Միլոշ Վելկովիչը գերմանական «Վերդեր»-ից և «Զենիթ»-ի նախկին պաշտպան Ռոդրիգոն։
Սակայն թիմի գլխավոր խնդիրը ձախ պաշտպանի դիրքում է։ 34-ամյա Միլան Ռոդիչը լքել է ակումբը, և հենց այդ դիրքի համար է դիտարկվում Տիկնիզյանի թեկնածությունը։ Թիմի կազմում կա նաև գանացի պաշտպան Էբենեզեր Աննանը, որը մրցաշրջանի երկրորդ կեսը անցկացրեց բարձր մակարդակով և դուրս մղեց Ռոդիչին մեկնարկային կազմում։ Այնուամենայնիվ, Աննանը կարող է հեռանալ ակումբից՝ նրանով լուրջ հետաքրքրված են հոլանդական «Ֆեյենորդ»-ը և շոտլանդական «Ռեյնջերս»-ը։ Ներկայումս նա հավաքականում է, և նրա ապագան պարզ կլինի միջազգային դադարից հետո։
Եթե Աննանը մնա, Տիկնիզյանը ստիպված կլինի պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար։ Բայց նույնիսկ այդ պարագայում «Ցրվենա Զվեզդա»-ն ձգտում է ունենալ բարձրակարգ երկու խաղացող յուրաքանչյուր դիրքում, ուստի հայ պաշտպանի հրավիրման հարցը ռազմավարական նշանակություն ունի ակումբի համար։
«Ցրվենա Զվեզդա»-ի տակտիկան և Տիկնիզյանի համապատասխան խաղաոճը
Արդեն երկար տարիներ «Ցրվենա Զվեզդա»-ն կիրառում է 4-2-3-1 սխեման՝ այն նույնը, որով խաղում է նաև «Լոկոմոտիվ»-ը։ Մոսկովյան թիմում Տիկնիզյանը հանդես է եկել թե՛ ձախ պաշտպանի, և թե՛ ձախ վինգերի դիրքերում։ Սակայն նոր թիմում հարձակողական եզրերում մրցակցությունը շատ բարձր է. ձախից խաղում են Նեմանյա Ռադոնյիչը, Միլսոնը և Պետեր Օլայինկան, իսկ աջից՝ Անդրիյա Մաքսիմովիչը, Լուկա Իլիչը և նախկինում վարձավճարով հրավիրված Սիլաս Վամանգիտուկան։
Այդ իսկ պատճառով, Նաիրը կենտրոնանալու է բացառապես ձախ պաշտպանի դիրքի վրա։ Դա միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով նրա ֆիզիկական պատրաստվածությունը, դիմացկունությունն ու ակտիվ հարձակողական միացումների հակվածությունը։ Եզրային պաշտպանները մեծ դեր ունեն «Ցրվենա Զվեզդա»-ի հարձակողական մոդելում, և Տիկնիզյանը հիանալի կերպով ներդաշնակվում է այդ համակարգում։
Թիմի առաջադրանքները և «Ցրվենա Զվեզդա»-ի հավակնությունները
Անցած մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդա»-ն հասավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, որտեղ տպավորիչ հաղթանակներ տարավ «Շտուտգարտ»-ի (5:1) և «Յանգ Բոյզ»-ի (2:1) նկատմամբ։ Նոր մրցաշրջանում ակումբն ակնկալում է ավելի հաջող ելույթներ եվրոպական ասպարեզում և ակտիվորեն համալրում կազմը։
Վելկովիչի, Ռոդրիգոյի և Տիկնիզյանից բացի, թիմը բանակցություններ է վարում նաև աստղերի՝ Մարկո Արնաուտովիչի և Դուշան Տադիչի հետ, որոնք այժմ ազատ գործակալի կարգավիճակում են։ Ակումբի հարձակողական գծում արդեն կան փորձառու խաղացողներ՝ Ռադե Կրունիչը, Մակս Էլշնիկը, Միրկո Իվանիչը, Նեմանյա Ռադոնյիչը և երիտասարդ տաղանդ Անդրիյա Մաքսիմովիչը, ում Transfermarkt պորտալը գնահատում է 10 միլիոն եվրո։
Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը կլինի կարևոր քայլ մարտունակ կազմ ձևավորելու ճանապարհին, որը կկարողանա բարձր մակարդակով հանդես գալ թե՛ ազգային առաջնությունում, և թե՛ միջազգային ասպարեզում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0