Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցեն 19 երկրների մարզիկներ
Փետրվարի 1-7-ը Ջերմուկում կանցկացվեն Երկրորդ համահայկական ձմեռային խաղերը, որոնց կմասնակցեն ավելի քան 1300 մարզիկներ և պատվիրակներ՝ 19 երկրների 77 քաղաքներից։
Սա կլինի պատմության մեջ երկրորդ նմանատիպ մրցաշարը։ Առաջին ձմեռային խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է մոտ 430 մարզիկ՝ 11 երկրների 22 քաղաքներից։
Խաղերի շրջանակներում մարզիկները կմրցեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մեջ։
Պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին։
Երկրորդ համահայկական ձմեռային խաղերի ջահը վառվել է Նորավանքում։ Խաղերի մեկնարկին իր օրհնությունը տվել է Նորավանքի հոգևոր հովիվը՝ մոմի կրակով վառելով ջահը։ Այնուհետև ջահը փոխանցվել է ճանաչված մարզիկներին՝ Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի պատանիների չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ Պաշտոնական արարողությունից հետո մարզիկները ջահը տեղափոխել են Ջերմուկ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0