«Միլանը» հաղթեց «Ինտերին» առաջին դերբիում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սերիա A-ի 12-րդ տուրում տեղի ունեցավ 2025/26 մրցաշրջանի առաջին Միլանական դերբին։ «Միլանը» նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեց «Ինտերին»։ Հաղթական գնդակը 54-րդ րոպեին խփեց Քրիստիան Պուլիշիչը։ 74-րդ րոպեին Հական Չալհանօղլուն չկարողացավ վերածել պենալտին գոլի․ հարվածը կողք դրեց Մայք Մենյանը։
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը խաղում էր պաշտպանությունից և շեշտը դնում արագ հակագրոհների վրա։ Հենց նման կտրուկ հակագրոհի արդյունքում էլ ծնվեց միակ ու վճռորոշ գոլը․ Ռաֆաել Լեաուն արագացրեց կենտրոնով, փոխանցեց աջ թև՝ Ալեքսիս Սալեմաքերզին, որի հարվածը Յան Զոմմերը հետ մղեց, իսկ Պուլիշիչը առաջինը հասավ գնդակին և դիպուկ ավարտեց դրվագը։
Կրիստիան Քիվուի գլխավորած «Ինտերը» պահում էր գնդակը, ճնշում էր մրցակցին և ակտիվորեն օգտագործում օդային փոխանցումները, սակայն այդ մոտեցումները արդյունք չտվեցին։ «Ներաձուրրին» կարող էին հավասարեցնել հաշիվը 11-մետրանոցից, բայց հնարավորություն մնաց չօգտագործված։
Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց հանդիպումը վնասվածքի պատճառով։ Նրա տեղը մեկնարկային կազմում զբաղեցրեց Պետար Սուչիչը։
Թիմերի կազմերը («Ինտեր» — «Միլան» 0:1)
«Ինտեր»․ Զոմմեր — Ականջի, Աչերբի (85' Դիուֆ), Բաստանո — Կառլոս Աուգուստո, Բարելա (85' Էսպոզիտո), Չալհանօղլու (78' Զելինսկի), Սուչիչ, Դիմարկո — Լ. Մարտինես (66' Բոննի), Տյուրամ։
«Միլան»․ Մենյան — Տոմորի, Գաբբիա, Պավլովիչ — Սալեմաքերս, Ֆոֆանա (78' Ռիչչի), Մոդրիչ, Ռաբիո, Բարտեզագի — Պուլիշիչ (78' Նկունքու), Լեաու (86' Լոֆթուս-Չիկ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0