Միքայել Միքայելյանը տուգանվել է Tour de Ski-ում՝ Ադրբեջանի հովանավորի պիտակի պատճառով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Դահուկասպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) կարգապահական պատժամիջոցներ է կիրառել հայ մարզիկ Միքայել Միքայելյանի նկատմամբ Tour de Ski բազմօրյա մրցաշարի ընթացքում։ Տուգանքի պատճառը դարձել է այն, որ դահուկորդը կպչուն ժապավենով ծածկել է իր մրցումային հագուստի վրա գտնվող «Ադրբեջան» գրությունը, որը հանդիսանում է մրցաշարի պաշտոնական հովանավորի բրենդը։
FIS-ը չի հրապարակել դրամական տուգանքի չափը։ Ինքը՝ Միքայելյանը, նույնպես հրաժարվել է մեկնաբանել իր քայլի շարժառիթները։
Միջադեպը տեղի է ունեցել մրցաշարի փուլերից մեկի ժամանակ՝ Իտալիայի Տոբլախ քաղաքում։ Նշենք, որ Tour de Ski-ի ընթացքում Ադրբեջանի հովանավորական խորհրդանիշը լայնորեն ներկայացված էր․ լոգոտիպերը տեղադրված էին ոչ միայն մարզիկների հանդերձանքի վրա, այլև մրցուղու երկայնքով տեղակայված բազմաթիվ գովազդային վահանակների վրա։
FIS-ի որոշումը՝ երկրի անվանումը ներառել մարզահագուստի պարտադիր դիզայնում, հարցեր է առաջացրել նաև մրցաշարի այլ մասնակիցների մոտ։ Մասնավորապես, նորվեգացի դահուկորդուհի, աշխարհի չեմպիոն և Ski Classics սերիայի հաղթող Աստրիդ Էյրե Սլինդը խոստովանել է, որ զարմացած է եղել այդ քայլից։ Շվեդական Expressen պարբերականին տված մեկնաբանությունում նա նշել է, որ նման պրակտիկան անսովոր է և ստիպում է մտածել նման համաձայնագրերի էթիկական կողմերի մասին։
Քննադատությամբ հանդես է եկել նաև Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդերս Բյուստրեմը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի շուրջ կան բազմաթիվ վիճահարույց հարցեր, սակայն ընթացիկ մրցաշարի շրջանակում իրավիճակի վրա ազդելն արդեն անհնար է։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին FIS-ը հինգ տարվա հովանավորական պայմանագիր է կնքել Ադրբեջանի Պետական զբոսաշրջության գործակալության հետ։
Ինչ վերաբերում է մարզական արդյունքին, Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 72-րդ տեղը՝ առաջ անցնելով 20 մարզիկներից՝ 92 մեկնարկած մասնակիցներից 20 կմ մրցավազքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0