Միջազգային ծանրամարտի ֆեդերացիան (IWF) հիշեց լեգենդար Յուրիկ Վարդանյանին
2025 թ. մայիսի 4-ին Միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքում հրապարակվել է հոդված, որը նվիրված է այս մարզաձեւի պատմության ամենամեծ մարզիկներից մեկին՝ լեգենդար հայ ծանրամարտիկ Յուրիկ Վարդանյանին։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ չնայած Հայաստանի՝ որպես անկախ պետության, օլիմպիական ոսկի չունենալուն, Վարդանյանն է մնում երկրի ամենապայծառ ներկայացուցիչը միջազգային հարթակներում։
«Թեև Հայաստանը դեռ չունի օլիմպիական չեմպիոն ծանրամարտում, Յուրիկ Վարդանյանի անունը շարունակում է մնալ այս մարզաձևի հզորության խորհրդանիշը երկրում։ Նրա հաղթանակը 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնությունների վեց ոսկե մեդալները նրան դարձնում են Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ծանրամարտիկը։
Յուրիկ Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսին Լենինականում (այժմ՝ Գյումրի), որն այն ժամանակ մաս էր կազմում ԽՍՀՄ-ին։ Նա սկսել է զբաղվել ծանրամարտով 14 տարեկանում՝ իր քեռու ղեկավարությամբ, և արդեն 1977 թվականին՝ 21 տարեկանում, դարձել է աշխարհի չեմպիոն Շտուտգարտում։ Այնուհետև նա երեք անգամ անընդմեջ հաստատեց իր գերազանցությունը՝ հաղթելով աշխարհի առաջնություններում 1978 և 1979 թթ․։
1980 թվականի Մոսկվայի Օլիմպիադայում՝ մինչև 82,5 կգ քաշային կարգում, Վարդանյանը համարվում էր ֆավորիտներից մեկը՝ և ամբողջությամբ արդարացրեց սպասելիքները՝ հաղթելով 177,5 կգ պոկումով, 222,5 կգ հրումով և ընդհանուր 400 կգ արդյունքով։ Նա դարձավ առաջին մարզիկը այդ քաշային կարգում, որը հաղթահարեց 400 կգ-ը երկամարտի գումարում։
Նրա գերիշխանությունը շարունակվեց նաև հաջորդ տարիներին․ նա նվաճեց ևս երեք ոսկե մեդալ աշխարհի առաջնություններում՝ 1981, 1983 և 1985 թվականներին։ Նրա վերջին ելույթը դարձավ նաև ամենանշանավորն՝ 177,5 կգ + 220 կգ = 397,5 կգ՝ 1985 թվականի աշխարհի առաջնությունում։ Իր կարիերայի ընթացքում նա սահմանել է 41 աշխարհի ռեկորդ՝ 15 պոկումում (լավագույնը՝ 190 կգ), 15 հրումում (մինչև 228 կգ) և 11 երկամարտի գումարում։
Իր կարիերան ավարտելուց հետո՝ 1985 թվականին, նա ապրել է ԱՄՆ-ում և Հայաստանում, իսկ 2009-ին վերջնականապես վերադարձել է Երևան։ Նրա որդին՝ Նորայր Վարդանյանը, որը ծնվել է 1987 թվականին, գնացել է հոր հետքերով և ներկայացրել է Հայաստանը 2012 թվականի Օլիմպիական խաղերում։
Յուրիկ Վարդանյանը մահացել է 2018 թվականի նոյեմբերին՝ 62 տարեկան հասակում՝ թողնելով հզոր ժառանգություն, որը ոգեշնչում է նոր սերնդի հայ ծանրորդներին»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0