Հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներ. հունվարի 10-ի արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունվարի 10-ին մի շարք ակումբներ, որոնց կազմում հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ, անցկացրել են ընկերական և պաշտոնական հանդիպումներ։
Ռումինական «Ֆարուլ» ակումբը իր մարզաբազայում անցկացրել է ստուգողական հանդիպում բուլղարական «Չեռնո Մորե»-ի դեմ և պարտվել է 1:2 հաշվով։ Հանդիպումը կայացել է անսովոր ձևաչափով՝ չորս խաղակես, յուրաքանչյուրը՝ 30 րոպե։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը խաղադաշտում անցկացրել է 60 րոպե։
Սերբական «Ցրվենա Զվեզդա»-ն, որը մարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, վստահ հաղթանակ է տարել շվեյցարական «Արաու» ակումբի նկատմամբ (առաջին լիգա)՝ 4:1։ Բելգրադյան թիմի կազմում հանդես է եկել Նաիր Տիկնիզյանը, որը փոխարինվել է երկրորդ խաղակեսի միջնամասում։ Դեյան Ստանկովիչի թիմը շարունակում է պատրաստվել Եվրոպայի լիգայի հանդիպումներին և Բելեկում դեռ կանցկացնի երկու ընկերական խաղ՝ հունվարի 11-ին՝ հունգարական «Դեբրեցեն»-ի, իսկ հունվարի 15-ին՝ ավստրիական «Զալցբուրգ»-ի դեմ։ Իսկ արդեն հունվարի 22-ին «Ցրվենա Զվեզդա»-ն Եվրոպայի լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրում կմրցի շվեդական «Մալմյո»-ի հետ։
Իսրայելի Սուպերլիգայի 18-րդ տուրում «Բնեյ Սախնին»-ը նվազագույն հաշվով՝ 0:1, պարտվել է «Մաքքաբի Թել Ավիվ»-ին։ Հայ հարձակվող Արթուր Միրանյանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը։ SofaScore-ի գնահատմամբ նրա խաղը արժանացել է 6.2 միավորի։ Պարտությունից հետո «Բնեյ Սախնին»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0