Մարոկկոն ԱՖԱԽ-2025-ը սկսեց տնային հաղթանակով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Դեկտեմբերի 21-ին Ռաբաթում կայացավ Աֆրիկայի ազգերի գավաթի 2025 թվականի մրցաշարի բացման հանդիպումը։ Մրցաշարի տանտեր Մարոկկոյի ազգային հավաքականը վստահ մեկնարկեց մայրցամաքային առաջնությունը՝ 2:0 հաշվով հաղթելով Կոմորյան կղզիների հավաքականին։
Առաջին գոլը գրանցվեց հանդիպման 55-րդ րոպեին, երբ կիսապաշտպան Բրահիմ Դիասը բացեց հաշիվը Նուսսաիր Մազրաուիի ճշգրիտ փոխանցումից հետո։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևավորվեց 74-րդ րոպեին, երբ հանդիսատեսը ականատես եղավ մրցաշարի ամենաէֆեկտային գոլերից մեկին։ «Օլիմպիակոսի» հարձակվող Այուբ Էլ-Կաաբին մրցակցի դարպասը գրավեց հետադարձ հարվածով՝ ցուցադրելով գերազանց տեխնիկա և կոորդինացիա։
Մարոկկոյի հավաքականը ամբողջ հանդիպման ընթացքում լիովին վերահսկում էր խաղի ընթացքը, պարբերաբար ստեղծում էր վտանգավոր պահեր մրցակցի դարպասի մոտ և կարող էր հաշիվը դարձնել առավել խոշոր։
Կոմորյան կղզիների հավաքականի հայտացուցակում ընդգրկված էր Երևանի «Արարատ» ակումբի դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուն, սակայն նա մնաց պահեստայինների նստարանին։
Առաջին տուրից հետո մրցաշարի տանտերերը գլխավորեցին A խումբը, որտեղ հանդես են գալիս նաև Զամբիայի և Մալիի հավաքականները։
Դեկտեմբերի 22-ին A խմբում կկայանա Մալի – Զամբիա հանդիպումը, ինչպես նաև B խմբի խաղերը՝ Հարավային Աֆրիկա – Անգոլա և Եգիպտոս – Զիմբաբվե։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0