Լատվիան սենսացիոն հաղթանակ տարավ Վրաստանի նկատմամբ ԵՎՐՈ-2026-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հունվարի 21-ին, Ռիգայում մեկնարկեց ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ը։ Խաղային օրվա երկրորդ հանդիպման ընթացքում մրցաշարի տանտեր Լատվիայի հավաքականը անսպասելիորեն և վստահ հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ, որը առանց դժվարության անցել էր ընտրական փուլը և համարվում էր հանդիպման ֆավորիտը։
Լատվիացիները առաջին իսկ րոպեներից թելադրեցին բարձր տեմպ և ամբողջությամբ վերահսկեցին խաղի ընթացքը՝ մրցակցին չթողնելով որևէ հնարավորություն։ Արդյունքում գրանցվեց ջախջախիչ հաղթանակ՝ 4:0 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Գերմանս Մատուշենկոն (2’), ինչպես նաև Էդգարս Տարականովսը, որը ձևակերպեց դուբլ (24’, 26’)։ Խաղի վերջնական հաշիվը հաստատեց Անդրեյս Բակլանովսը։
ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների վարկածով հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Էդգարս Տարականովսը։ Մասնագետները նշել են նրա բարձր էներգիան, առաջնորդական որակները, պաշտպանությունում կարգապահ խաղը և մրցակցի դարպասի մոտ մշտական վտանգ ստեղծելու ունակությունը, ինչի շնորհիվ Լատվիան ստացավ վճռորոշ առավելություն։
A խմբի մյուս հանդիպման շրջանակում Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները խաղացին ոչ-ոքի՝ 2:2։ Այսպիսով, առաջին տուրից հետո Լատվիան երեք միավորով միանձնյա գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։
Լատվիայի հավաքականի համար այս հաղթանակը պատմական էր՝ առաջինը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում։ Տանտերերը ցուցադրեցին տակտիկապես հավասարակշռված և հասուն խաղ, ինչպես նաև գերազանց թիմային համախմբվածություն։
Արդեն վաղը՝ հունվարի 22-ին, ԵՎՐՈ-2026-ում իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականը, որը B խմբում առաջին հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի հավաքականի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1