ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ․ հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները Գոայի մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի առաջատար շախմատիստները պատրաստվում են նոր մեծ մարտահրավերի․ նոյեմբերի 1-ից 26-ը Հնդկաստանի Գոա նահանգում տեղի կունենա ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը, որտեղ Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ ութ փուլով։ Յուրաքանչյուր փուլում կխաղացվի երկու դասական պարտիա, իսկ հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում։
Առաջին փուլում Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ։ Հայկ Մարտիրոսյանի մրցակիցն է լինելու Ինդոնեզիայի ներկայացուցիչ Սատրիա Դուտա Չահայան։ Գաբրիել Սարգսյանը կհանդիպի Շրի Լանկայի միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի հետ, իսկ Կարեն Գրիգորյանը՝ Եգիպտոսի գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ։
Շանթ Սարգսյանը, ով մրցաշարում ունի 33-րդ մեկնարկային համար, առաջին փուլը կանցնի առանց խաղի՝ սկսելով պայքարը անմիջապես երկրորդ փուլից։
Հայ շախմատիստները նպատակ ունեն արժանապատիվ հանդես գալ աշխարհի ամենահեղինակավոր անհատական մրցաշարերից մեկում և պայքարել բարձր արդյունքի համար։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0