Ովքեր կարող են առանց տոմսի ներկա գտնվել Հայաստանի ազգային հավաքականի խաղերին և կարևոր զգուշացում ՀՖՖ-ից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել է, որ ազգային հավաքականի տնային խաղերին առանց տոմսի կարող են մուտք գործել միայն մինչև 3 տարեկան երեխաները։ Մնացած բոլոր հանդիսականների համար գործում են մարզադաշտ մուտք գործելու ընդհանուր կանոնները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։ Իսկ սեպտեմբերի 9-ին նույն խաղադաշտում կկայանա նաև Հայաստան–Իռլանդիա հանդիպումը, որը նույնպես կմեկնարկի ժամը 20:00-ին։
Կարևոր հաղորդագրություն ՀՖՖ-ից.
Հիշեցնենք, որ այս խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվեցին ընդամենը 1 ժամվա ընթացքում՝ առցանց վաճառքի մեկնարկից հետո։ Հայաստան–Պորտուգալիա հանդիպման նախաշեմին ՀՖՖ-ն արձանագրել է սև շուկայում տոմսերի գների զգալի բարձրացումներ։ Որոշ դեպքերում նույն տոմսը վաճառվում է մի քանի տարբեր մարդկանց, սակայն մուտք ստադիոն կարող է ստանալ միայն այն անձը, ով առաջինը ակտիվացնի QR կոդը։

Բացի այդ, ինտերնետում և սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ QR կոդերի վաճառքի առաջարկներ։ ՀՖՖ-ն զգուշացնում է երկրպագուներին՝ Հայաստան–Պորտուգալիա հանդիպման բոլոր QR կոդերը կակտիվացվեն բացառապես խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, սկսած ժամը 16:00-ից։ Մինչ այդ առաջարկվող կամ ցուցադրվող ցանկացած կոդ անվավեր է։
Ֆեդերացիան հորդորում է քաղաքացիներին լինել ուշադիր և տոմսերը ձեռք բերել միայն պաշտոնական ալիքներով, որպեսզի խուսափեն խաբեություններից և անկաշկանդ աջակցեն ազգային հավաքականին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0