«Կրասնոդարը» հաղթեց «Ռոստովին» ՌՊԼ-ի 19-րդ տուրում․ Սպերցյանը գոլի հեղինակ դարձավ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարը» հաղթանակով մեկնարկեց 2026 թվականի պաշտոնական հատվածը։ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի խաղում «ցլերը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեցին «Ռոստովին» և պահպանեցին առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 8-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը վաստակեց 11-մետրանոց հարված և ինքն էլ վստահորեն իրացրեց այն՝ առաջ մղելով տանտերերին։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Ռոստովը» կարողացավ հավասարեցնել հաշիվը․ նշանակված 11-մետրանոցը գոլի վերածեց Ալեքսեյ Միրոնովը։
Երկրորդ խաղակեսում ռոստովցիները հայտնվեցին բարդ իրավիճակում․ 51-րդ րոպեին պաշտպան Չիստյակովը ստացավ ուղիղ կարմիր քարտ՝ իր թիմին թողնելով փոքրամասնությունում։ Թվային առավելությունը «Կրասնոդարը» օգտագործեց 73-րդ րոպեին․ հաղթական գոլը խփեց Նիկիտա Կრივցովը։ Ավելացված ժամանակում՝ 95-րդ րոպեին, «Ռոստովը» մնաց ինը խաղացողներով՝ Վախանիայի հեռացումից հետո։
Էդուարդ Սպերցյանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն և դարձավ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը։ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին։
Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը
-
Հարվածներ՝ 4 (2-ը՝ դարպասին)
-
Սրող փոխանցումներ՝ 3
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 26 (74%)
-
Հաջող դրիբլինգ՝ 2/3
-
Վաստակած 11-մետրանոց՝ 1
-
Գնդակի կորուստներ՝ 18
-
Խլումներ՝ 3
-
Հաղթած մենամարտեր՝ 6/12
-
Օդային մենամարտեր՝ 3/4
-
SofaScore գնահատական՝ 8.3
19 տուրերից հետո «Կրասնոդարը» շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ամրապնդելով իր դիրքերը չեմպիոնական պայքարում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0