Կոշիցեն փոխարինում է Դունայսկա Ստրեդային․ Ուրարտուի մրցակիցը Կոնֆերենցիայի Լիգայում կարող է փոխվել տարօրինակ եղանակով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային ակումբ «Կոշիցեն» իր սոցիալական ցանցերի էջում պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիայի Լիգայի 2025/26 մրցաշրջանին՝ փոխարինելով «Դունայսկա Ստրեդային», որը, սլովակական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հեռացվել է մրցաշարից՝ միևնույն անձի կողմից միաժամանակ երկու ակումբի վրա վերահսկողություն ունենալու կանոնների խախտման համար։ Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշմամբ՝ մեկ մարդ ունեցել է որոշիչ ազդեցություն միաժամանակ ETO FC-ի և DAC-ի վրա, ինչը խստիվ արգելված է ՈւԵՖԱ-ի կանոնակարգով։
«Կոշիցեն», որը Սլովակիայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Նիկե Լիգայի ակումբների մեծամասնության քվեարկությամբ ընտրվել է որպես փոխարինող և ստացել է ավելի քան տասնամյակ անց եվրոպական ասպարեզ վերադառնալու հնարավորություն։ Վերջին անգամ Կոշիցեն հանդես էր եկել եվրոպական գավաթներում 2014/15 մրցաշրջանում՝ որպես MFK Košice։

Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, և «Կոշիցեն» իսկապես փոխարինի «Դունայսկա Ստրեդային», ապա երկրորդ որակավորման փուլում նրա հավանական մրցակիցը կլինի «Ուրարտու» (Հայաստան) — «Նեման» (Բելառուս) զույգի հաղթողը։ Առաջին խաղում Երևանում «Նեմանը» հաղթել է 2:1 հաշվով, պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 17-ին՝ Հունգարիայի Գյոր քաղաքում։
Այնուամենայնիվ, դեռ շատ հարցեր կան։ ՈւԵՖԱ-ն առայժմ որևէ պաշտոնական հաստատում չի հրապարակել, իսկ նման փոփոխությունը վիճակահանությունից հետո չափազանց հազվադեպ և վիճելի պրակտիկա է։ Առավել ևս, որ «Դունայսկա Ստրեդան» սերմանված էր, իսկ «Կոշիցեն» չունի եվրագավաթային գործակից և ընդհանրապես չէր կարող հայտնվել նույն ցանցում «Ուրարտուի» կամ «Նեմանի» հետ։ Ինչպե՞ս է տեղի ունեցել նման փոփոխություն՝ առանց զույգերի փոփոխման, մնում է անհասկանալի։
Այնուամենայնիվ, «Ուրարտուի» համար սա կարող է լավ լուր լինել։ ԼԿ-ի երկրորդ փուլը հաղթահարելը իրատեսական խնդիր է, իսկ եվրոպական յուրաքանչյուր խաղ հնարավորություն է՝ աճի, փորձի, վարկանիշային միավորների և լրացուցիչ եկամտի համար։ Երրորդ փուլ ավտոմատ անցնելը միշտ չէ, որ բարեբախտություն է, հատկապես եթե այնտեղ սպասվող մրցակիցն ուժեղ է։
Հիմա մնում է սպասել ՈւԵՖԱ-ի պաշտոնական դիրքորոշմանը։ Մինչ այս պահը միակ աղբյուրը «Կոշիցե» ակումբի հայտարարությունն է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0