SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ինչպես հանդես եկավ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի դեմ


Ինչպես հանդես եկավ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի դեմ Photo by Mustafa Yalcin/Anadolu via Getty Images
Ֆուտբոլ 💬 Comment

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանում իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ մասնակցեց Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ այս անգամ մեկնարկային կազմում։ Մայիսի 31-ին Մյունխենում «Ինտերը» խոշոր հաշվով՝ 0:5 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին և ավարտեց մրցաշրջանը առանց որևէ տիտղոսի։

2023-ի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ Մխիթարյանը չի սկսել խաղը վնասվածքի պատճառով, սակայն հայտնվել է դաշտում 84-րդ րոպեին։ 2025-ին նա սկսեց խաղը մեկնարկային կազմում, բայց ոչ իր, ոչ էլ թիմի համար խաղը հաջող չէր։ Փարիզցիները գերազանցում էին բոլոր հատվածներում, և «Ինտերի» կազմում չկար մի ֆուտբոլիստ, ով իրեն դրական կողմով կդրսևորեր, այդ թվում՝ Մխիթարյանը։

Հնարավոր է՝ սա եղավ Հենրիխի վերջին հանդիպումը պրոֆեսիոնալ մակարդակում։ Թեև նրա պայմանագիրը դեռ մեկ տարով երկարաձգված է, ինքն էր ասել, որ այս մրցաշրջանը կարող է լինել վերջինը։ Սակայն առաջիկայում «Ինտերը» կմասնակցի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականի նախկին ավագը դեռ կարող է խաղալ։

Եկեք տեսնենք՝ ինչպես հանդես եկավ Մխիթարյանը եզրափակչում ՊՍԺ-ի դեմ և ինչ գնահատականներ ստացավ իտալական մամուլից։

Mkhitaryan PSG

Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի դեմ

  • 62 րոպե խաղաժամանակ

  • 9 ճշգրիտ փոխանցում 10-ից (90%)

  • 2 գնդակի կորուստ

  • 1 հաղթած մենամարտ (100%)

  • 1 վաստակած տուգանք

  • SofaScore-ի գնահատական՝ 6.3

Գնահատականներ և կարծիքներ իտալական մամուլից

Fcinter1908 (4): Անտեսանելի։ ՊՍԺ-ի կիսապաշտպանները բառացիորեն դուրս բերեցին նրան խաղից։ Հրաժեշտի նոտա։

Eurosport (5): Շատ դժվար խաղ հայ կիսապաշտպանի համար, որը գրեթե չէր երևում խաղադաշտում և տառապում էր մրցակիցների արագությունից։ Ինձագին փոխեց նրան խաղի ավարտից 30 րոպե առաջ։

Sportmediaset (5): Նրա ֆուտբոլային իմաստությունը բավարար չէր, երբ թիմը միավորված չէր գործում։ Շրջապատված էր շարժուն «փերիներով», որոնք սլանում էին 100 կմ/ժ արագությամբ։

Calciomercato (5): Արդեն 30-րդ րոպեին երևում էր, որ նրա մարտկոցները դատարկվել են։ Նա իրեն ամբողջությամբ ուժասպառ էր արել բաց տարածքում մետրեր շահելու համար, սակայն ՊՍԺ-ի ուղղահայաց փոխանցումները նրան ոչ մի հնարավորություն չթողեցին, բացի այդ՝ հաճախ դուրս էր իր դիրքից։

Fcinternews (5): Ծայրահեղ դժվարության մեջ՝ մի բան, որ հազվադեպ է լինում։ Հատկապես՝ տակտիկական տեսանկյունից, որտեղ նա սովորաբար ուժեղ է նույնիսկ անհաջող երեկոներին։ Հաճախ հայտնվում էր Վիտինյա–Հակիմի–Ֆաբիան Ռուիս եռանկյունում։ Հազիվ թե ազատություն ուներ՝ տարածքներ գտնելու համար, շատ զուսպ և նույնիսկ վախեցած տեսք ուներ։

Virgilio (4.5): Գնդակի շարժման տեմպը չափազանց արագ էր հայի համար, և նա տուժեց այդ հանգամանքից։

90min (5): Նահանջում էր՝ փոխանցումներին ու պաշտպանությանը օգնելու համար, փորձում էր անել ավելին, քան Բարելան ու Չալհանօղլուն, բայց դա բավարար չէր. սահմանափակվեց սև աշխատանքի կատարումով և հետք չթողեց։

Tuttomercatoweb (4): Գնահատական ամբողջ կիսապաշտպանությանը։ Դատարկված մարտկոցներ այն գիշեր, երբ նրա ֆուտբոլային ինտելեկտը կարող էր փրկել իրավիճակը։ Նրան գրեթե չէին տեսնում։

Il Giornale (4.5): Նա նույնպես դուրս մնաց խաղից՝ մրցակիցների դիրքերի անընդհատ փոփոխության պատճառով։ Հազիվ թե աչքի ընկավ։

Passioneinter (3.5): Մխիթարյանի վատագույն տարբերակը «Ինտերի» մարզաշապիկով՝ առանց կասկածի։ Ոչ մի անգամ չգտավ ճիշտ դիրք՝ ո՛չ գնդակով, ո՛չ առանց դրա։ Ամբողջությամբ դեզօրիենտացված էր ՊՍԺ-ի շարժումներից։

Goal.com-ի գնահատականները

ՊՍԺ (4-3-3):
Դոննարումա 6.5, Հակիմի 7, Մարքինյոս 7, Պաչո 7, Նունու Մենդեշ 6.5 (78' Էռնանդես — ոչ գնահատված), Ժուաո Նևեշ 7 (84' Զաիր-Էմերի — ոչ գնահատված), Վիտինյա 7.5, Ֆաբիան Ռուիս 7 (84' Մայուլու 7), Դուե 8.5, Դեմբելե 7.5, Կվարացխելիա 7 (84' Ռամոս — ոչ գնահատված)։ Մարզիչ՝ Լուիս Էնրիկե։

ԻՆՏԵՐ (3-5-2):
Զոմմեր 5.5, Պավար 4.5 (53' Բիսսեկ — ոչ գնահատված, 62' Դարմյան 5), Աչերբի 4, Բաստոնի 4, Դյումֆրիս 5, Բարելա 4.5, Չալհանօղլու 4.5 (70' Ասլլանի 5.5), Մխիթարյան 4.5 (62' Կառլոս Աուգուստո 5.5), Դիմարկո 4 (53' Զալևսկի 5), Լաուտարո Մարտինես 4.5, Տյուրամ 5։ Մարզիչ՝ Ինձագի։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։