Իտալիան՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների վոլեյբոլի առաջնության չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանում ավարտվեց մինչև 16 տարեկանների վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունը, որը համախմբել էր մայրցամաքի ամենաուժեղ հավաքականներին։ Վերջնականում չեմպիոն դարձավ Իտալիայի հավաքականը, որը եզրափակիչում գեղեցիկ խաղում հաղթեց Իսպանիային։ Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիան, որը երրորդ տեղի համար խաղում հաղթեց Լեհաստանին։
Մրցանակաբաշխության արարողությունը կայացավ օգոստոսի 3-ին՝ մասնակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Հասմիկ Ավագյանի, Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Ալիսա Չեսնուլեվիչուտեի և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի։
Ինչպես նշեց Կարեն Ասմարյանը, Երևանում անցկացված մրցաշարը բարձր մակարդակով էր կազմակերպված․
«Մենք անցկացրինք Եվրոպայի ամենապայծառ առաջնություններից մեկը՝ բազմաթիվ հանդիսատեսով և գերազանց կազմակերպմամբ։ Տեսահեռարձակման բարձր որակը և լիարժեք պատրաստ ենթակառուցվածքներն արժանացան Եվրոպական ֆեդերացիայի գնահատանքին։ Սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով, որ Հայաստանը դեռ չի համարվում վոլեյբոլային մեծ տերություն»։
Հայաստանի հավաքականը, որը ձևավորվել էր ընդամենը կես տարի առաջ, անցկացրեց 7 խաղ՝ Հունաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Սլովակիայի և Լեհաստանի թիմերի դեմ։ Թիմը պարտվեց բոլոր հանդիպումներում՝ ընդամենը մեկ սեթ նվաճելով Ավստրիայի դեմ։ Այդուհանդերձ, մասնակցությունն այս խոշոր առաջնությանը կարևոր քայլ էր երիտասարդ վոլեյբոլիստների ձևավորման ճանապարհին։
Հայաստանի հավաքականի կազմում էին՝ Արման Դավթյան, Գոռ Գրիգորյան, Խաչատուր Հնկոյան, Դավիթ Մուրադյան, Ռաֆայել Շահնազարյան, Արմեն Մանուկյան, Ալեքս Ասմարյան, Համլետ Վարդանյան, Տիգրան Հակոբյան, Հայկ Գաբրիելյան, Արման Վարդանյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հովհաննես Ավագյան և Ալեքս Ունանյան։
Մրցաշարի խաղերն անցկացվեցին «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։ Առաջնության կազմակերպման մեջ ակտիվ ներգրավված էին մոտ 80 կամավորներ։
Մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին 16 երկրների հավաքականներ՝ Ֆրանսիա, Լեհաստան, Իտալիա, Հունգարիա, Լատվիա, Չեխիա, Թուրքիա, Բուլղարիա, Իսպանիա, Ուկրաինա, Ավստրիա, Հունաստան, Սերբիա, Սլովենիա և Ռումինիա։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0