Սանդրո Պերկովիչը՝ Կոնֆերենցիաների լիգայում «ԱԶ»-ի նկատմամբ հաղթանակի մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հաղթանակ, որն արդեն մտել է հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթեց նիդերլանդական «ԱԶ»-ին՝ ապահովելով հայկական ակումբի առաջին հաղթանակը եվրագավաթներում այսքան բարձր փուլում։ Հանրապետական մարզադաշտում անցկացված այս երեկոն առանձնահատուկ էր ոչ միայն արդյունքի, այլև թիմի բնավորության, կարգապահության և ինքնանվիրման շնորհիվ։
Վերջին սուլիչից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մամուլի ասուլիսում ամփոփեց հանդիպումը, խոսեց մեկնարկային կազմի կարևոր որոշումների, ֆուտբոլիստների վիճակի մասին և կիսվեց Նիդերլանդներում կայանալիք պատասխան խաղի սպասումներով։
Սանդրո Պերկովիչի մամուլի ասուլիսը խաղից հետո
Նախնական խոսք
«Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ֆուտբոլիստներին և երկրպագուներին։ Երեկ ես հաղթանակ չէի խոստացել, բայց խոստացել էի, որ բոլորը հպարտ կլինեն թիմով։ Կարծում եմ՝ այս խաղից հետո բոլոր հայերը կարող են հպարտանալ մեր թիմով»։
Լրագրողների հարցերը
— Թվում էր, թե խաղի սկիզբը բարդ էր, բայց հետո «Նոան» կարողացավ շրջել հանդիպման ընթացքը և ավելի շատ գոլային պահեր ստեղծել։ Ի՞նչն օգնեց փոխել իրավիճակը։
— Միայն սկիզբը չէր բարդ՝ ամբողջ 90 րոպեն դժվար էր։ Մենք լավ էինք պատրաստվել խաղին, գիտեինք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը։ Հասկանում էինք, թե որտեղ կարող ենք առավելություն ստանալ և ինչպես օգտագործել այն։ Առաջին խաղակեսում ունեցանք 2-3 լավ հնարավորություն, բայց չիրացրինք։ Երկրորդ խաղակեսում Հովհաննես Համբարձումյանը խփեց հրաշալի գոլ։ Ես շատ ուրախ եմ նրա համար՝ նա արժանի էր դառնալու առաջին հայ ֆուտբոլիստը, ով հայկական ակումբի կազմում եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլում գոլ է խփում այստեղ՝ Հանրապետական մարզադաշտում։ Նա արժանի է դրան իր կարիերայով և հայկական ֆուտբոլի համար արած ամեն ինչով։ Մենք գիտեինք, որ խաղի որոշ պահերին դժվար է լինելու, բայց ֆուտբոլիստները պատվով հաղթահարեցին դա։
— Զոլոտիչը, Պլոշչադնին և Համբարձումյանը այն ֆուտբոլիստներն էին, որոնց չէինք սպասում տեսնել մեկնարկում և հազվադեպ էինք տեսել հիմնական փուլում։ Ինչո՞ւ ընտրեցիք նման կազմ և անսովոր խաղային սխեմա։
— Այս խաղում հաղթեց թիմը, ոչ թե առանձին ֆուտբոլիստները, այդ պատճառով ուզում եմ նշել բոլորին։ Առանձին կասեմ Զոլոտիչի մասին՝ նա հիանալի նախապատրաստություն էր անցկացրել, ես դա տեսել էի մարզումներին և դրա հիման վրա ընտրեցի կազմը։ Ընդհանուր առմամբ մենք շատ լավ անցկացրինք ձմեռային նախապատրաստությունը, և ինձ համար դժվար էր որոշել մեկնարկային կազմը։ Ես միշտ ընտրում եմ ֆուտբոլիստներին՝ ելնելով այն բանից, թե ինչպես են աշխատում խաղից առաջ մարզումներին։ Զոլոտիչը հիանալի խաղաց։
— Ինչպիսի՞ վիճակում են Սանգարեն և Սեյնտինին, լուրջ՞ են վնասվածքները։
— Վաղը կիմանանք, դեռ շուտ է գնահատական տալ։
— Ինչպե՞ս կգնահատեք թիմի վիճակը ձմեռային դադարից հետո։
— Վերջին 10 րոպեներին զգացի, որ երկու ամիս պաշտոնական խաղեր չէինք անցկացրել։ Բայց ընդհանուր առմամբ թիմի ֆիզիկական վիճակը լավ է, և ես գոհ եմ դրանից։ Այդ առումով սա մեր լավագույն խաղերից մեկն էր։
— Ի՞նչ է պետք անել, որպեսզի երկու խաղերի արդյունքում անցնեք հաջորդ փուլ։
— Շատ դժվար է լինելու։ Պատասխան խաղը սկսելու ենք 0:0 հաշվից և պետք է իրացնենք մեր հնարավորությունները։ Վստահ եմ՝ շանսեր կունենանք։ Բայց դեռ վաղ է այդ մասին խոսել։
— Ինչո՞վ էր պայմանավորված Ֆայուլուի բացակայությունը, և կխաղա՞ նա պատասխան խաղում։
— Ֆայուլուն առողջական խնդիրներ ուներ։ Պլոշչադնին լավ նախապատրաստություն անցկացրեց և լավ խաղաց, ես գոհ եմ նրա առաջընթացից։ Մենք ունենք երեք ուժեղ դարպասապահ, ինչպես նաև երկրորդ թիմի դարպասապահներն են մոտենում հիմնական կազմին։
— Իմրան Ուլադ-Օմարը երեք ամիս բացակայությունից հետո վերադարձավ։ Ինչպե՞ս կգնահատեք նրա վիճակը։
— Իմրանը լավ վիճակում է։ Ես ծրագրում էի նրան ավելի շատ խաղաժամանակ տալ, բայց խաղն այնպես դասավորվեց, որ նա խաղադաշտ դուրս եկավ միայն վերջնամասում։ Ուրախ եմ, որ նա վերադարձել է՝ սա լուրջ ուժեղացում է մեր թիմի համար։
— Ինչպիսի՞ վիճակում են այն ֆուտբոլիստները, ովքեր այսօր չխաղացին։ Հնարավո՞ր է, որ նրանք հանդես գան պատասխան խաղում։
— Ձմեռային դադարի ընթացքում անցկացրեցինք վեց խաղ, բոլոր ֆուտբոլիստները ստացան մոտավորապես հավասար խաղաժամանակ և գտնվում են նման ֆիզիկական վիճակում։ Իհարկե, մոտ ժամանակում նրանց կտեսնենք խաղադաշտում։
— Երկրորդ խաղակեսում փոխարինեցիք գոլի հեղինակին։ Չվախեցա՞ք, որ դա ռիսկային որոշում է։
— Այդ մասին չէի մտածում։ Դա նախապես պլանավորված էր՝ մեզ թարմություն էր պետք։ Համբարձումյանը լավ խաղաց և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման մեջ, ամբողջությամբ նվիրվեց խաղին։ Բայց թիմին անհրաժեշտ էր լրացուցիչ էներգիա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0