«Ինտերը» պատրաստում է նոր պայմանագիր Մխիթարյանի համար՝ աշխատավարձի նվազեցմամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ինտերը» դիտարկում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը։ Սակայն FcInterNews.it-ի տվյալներով՝ նոր առաջարկը նախատեսում է մոտ 20% աշխատավարձի նվազեցում և խաղացողի դերի փոփոխություն թիմում։
Չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ մրցաշրջանը 37-ամյա հայ ֆուտբոլիստի համար լավագույնը չէ, նա շարունակում է օգտակար լինել «ներաձուրիին»։ Իտալիայի առաջնության վերջին խաղում «Լեչչեի» դեմ Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման և խփեց կարևոր գոլ, որը օգնեց թիմին գրանցել յոթերորդ անընդմեջ հաղթանակը Սերիա Ա-ում և իններորդ անընդմեջ հաղթանակը՝ արտագնա հանդիպումներում։ Նրա հարվածը չկարողացավ հետ մղել մրցակցի դարպասապահ Վլադիմիրո Ֆալկոնեն։
Բացի այդ, կիսապաշտպանը կարող էր նաև արդյունավետ փոխանցում կատարել, սակայն Ֆեդերիկո Դիմարկոն չկարողացավ իրացնել ստեղծված պահը։ Այնուամենայնիվ, փորձառու խաղացողի ներդրումը կրկին նշանակալի էր։
Միլանյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ խաղաժամանակի ճիշտ բաշխման դեպքում Մխիթարյանը կարող է շարունակել օգտակար լինել թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։ Այդ պատճառով քննարկվում է պայմանագրի երկարաձգումը մինչև 2026 թվականի ամառ՝ առավել սահմանափակ դերով՝ հիմնականում որպես ռոտացիոն խաղացող։
Հաղորդվում է, որ մարտին նախատեսվում է «Ինտերի» ներկայացուցիչների հանդիպումը ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։ Կողմերը կքննարկեն հնարավոր մեկամյա երկարաձգման մանրամասները և կփորձեն հասնել փոխզիջման ֆինանսական պայմանների և խաղացողի կարգավիճակի հարցում։
Այսպիսով, Մխիթարյանի ապագան Միլանում կարող է հստակվել արդեն առաջիկա շաբաթներին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0