IBA-ն կոչ է անում Դոնալդ Թրամփին վերադարձնել բռնցքամարտը 2028թ․ Օլիմպիական խաղերի ծրագրում
Միջազգային բռնցքամարտի ասոցիացիան (IBA) շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա պաշտոնամուտի կապակցությամբ՝ արտահայտելով երախտագիտություն և հույս համագործակցության առնչությամբ՝ ուղղված բռնցքամարտի առաջմղմանը և արդար խաղի սկզբունքների պաշտպանությանն սպորտում։
IBA-ն իր հայտարարության մեջ բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենսդրությունը, որը սահմանափակում է տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց մրցումներում։ Այս որոշումը, ըստ IBA-ի, համապատասխանում է ասոցիացիայի քաղաքականությանը, որը ուղղված է գենդերային կատեգորիաների արդարության պահպանմանը։
Ասոցիացիան նաև անհանգստություն է հայտնել Միջազգային օլիմպիական կոմիտեի (IOC) որոշման կապակցությամբ՝ բռնցքամարտը 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրից հանելու վերաբերյալ։ IBA-ն այս քայլը որակել է որպես քաղաքական ազդեցության և անարդյունավետ կառավարման հետևանք, ինչը բացասական ազդեցություն է թողնում սպորտի զարգացման և մարզիկների իրավունքների վրա։
IBA-ն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու նախագահ Թրամփի վարչակազմի հետ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունները կրկին ԱՄՆ-ում անցկացնելու համար։ Վերջին անգամ այս միջոցառումը անցկացվել է 2007 թվականին Չիկագոյում։ Ասոցիացիան վստահություն է հայտնել, որ Թրամփի ղեկավարությամբ սպորտը կկարողանա ամրապնդել իր դիրքերը՝ որպես խաղաղության և համերաշխության միջոց։
«Մենք հույս ունենք, որ բռնցքամարտը կդառնա 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի տոնակատարության մի մասը և հավատում ենք, որ այս իրադարձությունը կարտահայտի ամերիկյան ազգի և ողջ աշխարհի անկեղծ սերը մեր մարզաձևի նկատմամբ», - ասվում է IBA-ի հայտարարության մեջ։
Ասոցիացիան կոչ է արել ՄՕԿ-ին վերանայել իր որոշումները՝ օլիմպիական շարժումը վերակենդանացնելու, մարզիկների համար արդար պայմաններ ապահովելու և բռնցքամարտը իր օրինական տեղը համաշխարհային սպորտի ասպարեզում վերադարձնելու նպատակով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0