Ինչպես Թոմաս Ադորյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 6-ին՝ Կոսովոյի դեմ ընկերական հանդիպման ընթացքում, իր առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրեց արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը։
23-ամյա ֆուտբոլիստը փոխարինեց Ժիրայր Շաղոյանին և դուրս եկավ խաղադաշտ ընդմիջումից անմիջապես հետո, երբ Հայաստանի հավաքականը հաղթում էր 2:1 հաշվով։ Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2:5 հաշվով պարտությամբ, սակայն Ադորյանին մեղադրել դրա համար արդար չէր լինի։
Թոմասը բավական շուտ էր ժամանել Հայաստան՝ հավաքին մասնակցելու համար։ Մայիսի 30-ին նա արդեն Երևանում էր և առաջիններից էր, ով սկսեց մարզումները թիմի հետ։ Այդ ընթացքում նա հասցրեց ծանոթանալ թե՛ խաղընկերներին, թե՛ գլխավոր մարզչին։ Բացի այդ, Ադորյանը արդեն հասցրել է տալ իր առաջին հարցազրույցը Հայաստանում։
Խաղադաշտ դուրս գալուց հետո առաջին իսկ րոպեներին Ադորյանը շատ ակտիվ էր՝ անմիջապես սկսեց խնդիրներ ստեղծել իր եզրում, որտեղ խաղում էր Կոսովոյի ավագ Մերգիմ Վոյվոդան։ Նրա մի քանի գործողություններ հանգեցրին անկյունային հարվածների։ Ընդհանուր առմամբ՝ երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեներին, ինչպես ամբողջ թիմը, Ադորյանը լավ տպավորություն թողեց։ Սակայն 61-րդ րոպեին Կոսովոյի հարվածած 11-մետրանոցից հետո, երբ հաշիվը դարձավ 2։2, խաղի ընթացքը ամբողջովին փոխվեց։ Հայաստանը դադարեց վերահսկել խաղը, և մնացած ժամանակահատվածում խաղադաշտում գերակշռում էր միայն Կոսովոն։
Այժմ մի փոքր՝ տակտիկայի և Ադորյանի դերի մասին։
Թեև նա դուրս եկավ ձախ հարձակվողի դիրքում, նրա խաղաոճը տարբերվում էր Շաղոյանի առաջին խաղակեսի դերակատարումից։ Թոմասը հաճախ էր նահանջում ավելի խորը դիրքեր՝ պաշտպանվելիս տեղադրվում էր Սպերծյանի գծում, երբեմն նույնիսկ ապահովագրում Նայիր Տիկնիզյանին՝ վերջինիս առաջ նետումների ժամանակ։ Սկզբում նրանց համագործակցությունը լավ էր ընթանում, բայց հետո Տիկնիզյանը հոգնեց, իսկ նրան փոխարինած Էդգար Գրիգորյանը գրեթե չէր միանում հարձակմանը։
Հիշեցնենք, որ Ադորյանը նախկինում Ուրուգվայում՝ «Ռամպլա Խունիորս» ակումբում, հանդես է եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, այդ պատճառով իրեն վստահ է զգում պաշտպանական գործողություններում։ Հնարավոր է՝ հենց դա է պատճառը, որ Ջոն վան'տ Սխիպը որոշեց նրան դուրս բերել խաղադաշտ՝ երկրորդ խաղակեսում հավասարակշռություն ավելացնելու նպատակով, քանի որ Կոսովոն սկսում էր ավելի ակտիվ հարձակվել։

Ադորյանը հաճախ խաղում էր կենտրոնական կիսապաշտպանների գծում։
Սակայն Հայաստանի հավաքականի հիմնական խնդիրները սկսվեցին հակառակ եզրում և կենտրոնում, որտեղ Գոռ Մանվելյանը, ով փոխարինել էր Հովհաննես Հարությունյանին, չկարողացավ կատարել իր պարտականությունները՝ հաճախ էր կորցնում գնդակը և պարտվում մենապայքարներում։ Հենակետային կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն էլ դադարեց հասցնել փակել դիրքերն ու գոտիները (հավելենք՝ Տիգրանն էլ է գրեթե նորեկ. նա խաղաց ամբողջ հանդիպումը, մինչդեռ նախկինում միայն մի քանի րոպե էր անցկացրել Չեխիայի դեմ ընկերական խաղում)։ Նման պայմաններում նույնիսկ Ադորյանի ջանքերը չէին կարող փոխել խաղի ընթացքը։
Սակայն ակնհայտ դարձավ՝ նա մեծ ներուժ ունի։ Նա կարող է ապագայում դառնալ հավաքականի կարևոր անդամ։ Նրա ունիվերսալությունն ու ֆիզիկական տվյալները նրան արժեքավոր կդարձնեն հատկապես այն ժամանակ, երբ մինչև սեպտեմբեր հիմնական կազմը կայունանա և սկսվեն պաշտոնական հանդիպումները (հուսանք՝ այդպես էլ կլինի)։
Խաղից առաջ գլխավոր մարզիչը այսպես էր մեկնաբանել կազմի ընտրությունը.
«Մենք հիմա այնպիսի ֆուտբոլ ենք խաղում, որտեղ մեզ անհրաժեշտ են ֆիզիկապես ուժեղ վինգերներ, որոնք կարող են հանդես գալ նաև տարբեր դիրքերում և մշտապես իրականացնել պրեսինգ։ Օրինակ՝ Թոմաս Ադորյանը կարող է խաղալ թե՛ եզրում, թե՛ կենտրոնական կիսապաշտպանությունում», — ասել է վան’տ Սխիպը։
Ադորյանը կարող է խաղալ կենտրոնում՝ Սպերծյանի և Իվուի կողքին 4-3-3 դասավորվածությամբ, կամ ծածկել եզրերը՝ ապահովագրելով Տիկնիզյանին։ Ամեն դեպքում նա ավելացրեց թիմի ֆիզիկական պոտենցիալն ու տակտիկական բազմազանությունը՝ այն, ինչի պակասն ակնհայտ էր, հաշվի առնելով, որ մեկնարկային հարձակվողական եռյակը (Սերոբյան, Շաղոյան, Սևիկյան) տեխնիկապես հագեցած, բայց ոչ բարձրահասակ խաղացողներ են՝ բոլորն էլ 175 սմ-ից ցածր։
Իհարկե, Հայաստանի հավաքականի գլխավոր խնդիրը մնում է հարձակվողի բացակայությունը, ով կկարողանա պայքարել գնդակների համար և պահել դրանք գրոհի գծում։ Այս հարցը Ադորյանի հայտնվելը չի լուծում, բայց նա ավելացնում է կազմի բազմակողմանիությունը, ինչը շատ կարևոր է հեռահար հեռանկարում։ Իսկ թե ինչպես կօգտվի այդ հնարավորությունից թիմը և մարզիչը՝ կտեսնենք առաջիկայում։
Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի արտագնա ընկերական հանդիպում Մոնտենեգրոյի դեմ, իսկ սեպտեմբերի 6-ին կմրցի Պորտուգալիայի հետ՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0