Գրանտ-Լեոն Ռանոսը հայտարարություն է արել Հայաստանի հավաքականը լքելուց հետո
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Կայզերսլաուտերնի» հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը սոցիալական ցանցերում դիմել է երկրպագուներին երեկվա միջադեպից հետո։
Հիշեցնենք, որ Վրաստանի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'թ Սխիպը հայտնել էր, որ Ռանոսը լքել է թիմը՝ մեկնարկային կազմում տեղ խնդրելուց և մերժում ստանալուց հետո։
Այսօր Գրանտ-Լեոն Ռանոսը պարզաբանել է իրավիճակը իր հայտարարության մեջ․
«Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ինձ, հասկանում են, որ իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը ինձ համար մեծագույն պատիվ է։
Երեկ ես մասնավոր զրույց ունեցա գլխավոր մարզչի հետ՝ քննարկելու իմ իրավիճակը։ Ես ուզում էի նրան հասկացնել, որ գտնվում եմ գերազանց մարզավիճակում, լիովին մոտիվացված եմ և պատրաստ եմ օգնել թիմին։
Իմ զարմանքին՝ մարզիչն ինձ տեղեկացրեց, որ նախատեսված չէ օգտագործել ինձ առաջիկա խաղում։ Սա մեծ հիասթափություն էր ինձ համար։ Քանի որ այս պահին խաղային պրակտիկան հատկապես կարևոր է ինձ համար, և այն ստանալու հեռանկար չկար, մենք համատեղ պայմանավորվեցինք, որ ես կվերադառնամ «Կայզերսլաուտերն»՝ հաջորդ խաղին նախապատրաստվելու համար։
Ուզում եմ ընդգծել, որ ինձ համար չկա ոչինչ ավելի կարևոր, քան իմ երկիրը՝ Հայաստանը ներկայացնելը։ Եվ այսպես կլինի միշտ։» — գրել է Գրանտ-Լեոն Ռանոսը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0