Հայաստանի մարմնամարզիկները կպայքարեն Աշխարհի գավաթի ընդհանուր հաղթանակի համար
Ապրիլի 23-28-ը Եգիպտոսի Կահիրե քաղաքում կանցկացվի մարզական մարմնամարզության 2025 թվականի Աշխարհի գավաթի վեցերորդ և եզրափակիչ փուլը։ Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես կգան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Գագիկ Խաչիկյանը։
Երեք հայ մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Համլետ Մանուկյանը, իրական հնարավորություններ ունեն ընդհանուր հաղթանակի համար։ Հնարավոր զարգացումների դեպքում հայ մարզիկները կարող են հաղթել ընդհանուր հաշվարկում միանգամից վեց գույքից երեքում։
Աշխարհի գավաթի հինգ փուլերից հետո Համլետ Մանուկյանը առաջատար է նժույգով վարժության մեջ՝ ունենալով երկու ոսկե մեդալ։ Վահագն Դավթյանը նվաճել է ոսկի և արծաթ օղակների վրա, իսկ նույն սարքում երկու բրոնզ է նվաճել նաև Արթուր Ավետիսյանը։ Արթուր Դավթյանը մշտապես հանդես է գալիս բարձր մակարդակով և արդեն ունի երեք ոսկե ու մեկ բրոնզե մեդալ հենումից ցատկումում։
Աշխարհի գավաթի վերջնական հաշվարկը կատարվում է հավաքած միավորների հիման վրա, սակայն վերջնական վարկանիշում հաշվի են առնվում միայն յուրաքանչյուր մարզիկի լավագույն չորս արդյունքները։
Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկները բաց էին թողել Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, որը տեղի էր ունեցել Բաքվում, սակայն Կահիրեում հաջող մրցելույթը կարող է չեզոքացնել այդ բացը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0