Գեորգի Հարությունյան․ «Ցանկանում ենք հաղթել Վրաստանին Կովկասյան դերբիում»
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը հանդես է գալիս Հունգարիայի «Պուշկաշ Ակադեմիայում», հարցազրույց է տվել FFA TV-ին՝ պատմելով նոր ակումբում իր ադապտացման մասին, ինչպես նաև անդրադարձել է Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում Վրաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպումներին։
«Հունգարիայում ինձ շատ ջերմ ընդունեցին, ակումբը աջակցեց ինձ բոլոր հարցերում։ Առաջնությունը բավական բարձր մակարդակ ունի՝ ուժային պայքարով և դինամիկայով։ Ես ստանում եմ բավականին խաղային ժամանակ, ինչը շատ կարևոր է ինձ համար։ Մեր ակումբն առաջին տեղում է մրցաշարային աղյուսակում, ինչը խոսում է թիմի որակի մասին։ Մենք կարող ենք մրցակցել և նույնիսկ գերազանցել այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Ֆերենցվարոշը»։ Իհարկե, դեռ ոչինչ որոշված չէ, բայց մենք ամեն ինչ կանենք՝ չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար»,- նշել է Հարությունյանը։
Պաշտպանը նաև խոսել է «Պուշկաշ Ակադեմիայի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակի հետ իր աշխատանքային հարաբերությունների մասին։
«Մենք հաճախ զրուցում ենք Հայաստանի հավաքականի և տեղի առաջնության մասին։ Մարզիչն անգամ կատակով ասում է, որ հայկականը ինձանից ավելի լավ գիտի։ Ինձ մնում է միայն ավելի լավ սովորել»,- ասել է ֆուտբոլիստը։
Հարությունյանը շեշտել է, որ այժմ հավաքական է ժամանում լավ մարզավիճակում, քանի որ ակումբում մշտական խաղային փորձ է ձեռք բերում։
«Ավելի վաղ ես գալիս էի առանց խաղային պրակտիկայի, և դա ազդում էր իմ խաղի վրա։ Հիմա ինձ շատ ավելի լավ եմ զգում։ Հավաքականի գլխավոր մարզչի հետ դեռ չեմ հասցրել շփվել, բայց վստահ եմ, որ դրա համար ժամանակ կգտնվի»,- հավելել է նա։
Պաշտպանը նաև կիսվել է Վրաստանի հետ խաղերի սպասելիքներով։
«Մեծ հետաքրքրությամբ սպասում ենք այդ հանդիպումներին։ Դա մեր հարևանն է, յուրահատուկ Կովկասյան դերբի։ Շատ ենք ուզում հաղթել»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ 20-ամյա Հարությունյանը հունվարին 1 միլիոն եվրոյի դիմաց «Կրասնոդարից» տեղափոխվեց «Պուշկաշ Ակադեմիա»։ Ժոլտ Հորնյակը նախկինում գլխավորել է հայկական «Միկան» և «Բանանցը» (այժմ՝ «Ուրարտու»)։
Հայաստանի հավաքականն արդեն սկսել է նախապատրաստվել հանդիպումներին։ Վրաստանի դեմ առաջին խաղը կկայանա մարտի 20-ին Երևանում՝ «Հանրապետական» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0