Հենրիխ Մխիթարյան․ «Ինտերը» կլինի վերջին ակումբս, Հայաստան չեմ վերադառնա
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ մտադիր է ավարտել իր կարիերան «ներաձուրրիի» կազմում։ Իտալական la Repubblica պարբերականին տված հարցազրույցում (2025թ. հունիսի 24) հայ ֆուտբոլիստը նշել է, որ չի պատրաստվում վերադառնալ Հայաստանի առաջնություն և հետաքրքրված չէ Սաուդյան Արաբիայի կամ նմանատիպ առաջնություններով։
Մխիթարյանը Երևանի «Փյունիկի» սան է, ինչի պատճառով շատ հայ երկրպագուներ հույս ունեին, որ նա կարիերայի վերջին տարիները կանցկացնի հայրենի ակումբում, սակայն ֆուտբոլիստը դա բացառել է։
«Չեմ ուզում ավարտել կարիերաս և հետո զղջալ, որ արեցի դա շատ շուտ։ «Ինտերից» հետո՝ վերջ։ Չեմ ցանկանում իջեցնել մակարդակս։ Հայաստան չեմ վերադառնա։ Նման ուղղությունները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, նույնպես չեն հետաքրքրում։ Ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, ոչ թե փողի։ Ամեն առավոտ արթնանում եմ՝ ցանկությամբ մարզվելու և ցույց տալու՝ ինչի եմ ընդունակ», — ասել է Մխիթարյանը։
Նշենք, որ Մխիթարյանը գործող պայմանագիր ունի «Ինտերի» հետ մինչև 2026թ. ամառ։
Ներկայումս նա ԱՄՆ-ում է «Ինտերի» հետ՝ մասնակցելով 2025թ. Աշխարհի ակումբային առաջնությանը։ Երկու տուրից հետո իտալական ակումբը ունի 4 միավոր, իսկ հունիսի 26-ին տեղի կունենա խմբային փուլի վճռորոշ հանդիպումը՝ ընդդեմ Արգենտինայի «Ռիվեր Փլեյթի»։ Դրանից հետո կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0