Հենրի Ավագյանը կարող է շարունակել կարիերան Հունգարիայում․ «Դյորը» հետաքրքրված է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հայտնվել է հունգարական ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնում է հունգարական NB1.hu պարբերականը, «Դյորը» լրջորեն քննարկում է 29-ամյա դարպասապահին ձեռք բերելու հնարավորությունը։
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում Ավագյանն արդեն հանդիպել է «Դյորի» հետ․ «Փյունիկի» կազմում նա խաղացել է հունգարական ակումբի դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։ Բացի այդ, դարպասապահը երկու անգամ մասնակցել է Հայաստանի և Հունգարիայի հավաքականների միջև հանդիպումներին՝ աշխարհի առաջնության 2026 թվականի ընտրական փուլի շրջանակում, ինչի շնորհիվ հունգարական կողմին լավ են ծանոթ նրա խաղային որակները։
Ավելի վաղ Sportaran.com-ը հայտնել էր, որ Ավագյանը պայմանագիր է ստորագրել ֆրանսիական նոր գործակալության՝ Christophe Hutteau-ի հետ, որը ներկայացնում է ֆուտբոլիստի շահերը միջազգային շուկայում։ Նշվում էր նաև, որ դարպասապահով հետաքրքրված են Ֆրանսիայի Լիգա 2-ի և Հունգարիայի ակումբներ։ Այժմ «Դյորի» հետաքրքրությունը ստացել է ավելի հստակ ձևեր։
Ընթացիկ մրցաշրջանում Հենրի Ավագյանը Հայաստանի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում, որոնցից 6-ում պահել է իր դարպասը անառիկ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0