Գենդուզին հեռանում է «Լացիոյից»․ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մատեո Գենդուզին մոտ է «Լացիոյից» թուրքական «Ֆեներբահչե» տեղափոխվելուն։ Աղբյուրների փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 29 միլիոն եվրո։ Խաղացողն արդեն հրաժեշտ է տվել հռոմեական ակումբին և պատրաստվում է տեղափոխվել Ստամբուլ։
Գենդուզիի վերջին հանդիպումը «Լացիոյի» կազմում եղել է Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինայի» դեմ խաղը, որն ավարտվել է 2:2 հաշվով։ Հռոմեական թիմը պարտությունից փրկվել է Պեդրոյի 95-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, իսկ այդ հանդիպումը դարձել է ֆրանսիացի կիսապաշտպանի հրաժեշտի խաղը մայրաքաղաքի ակումբում։
Միևնույն ժամանակ Գենդուզիի հեռանալը անակնկալ է եղել «Լացիոյի» գլխավոր մարզչի համար։ Թիմի ղեկավարը չի թաքցրել իր հիասթափությունը և նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում հույսեր էր կապում ֆուտբոլիստի հետ։
«Ես կցանկանայի մեր ապագան կառուցել Գենդուզիի հետ։ Ես սպասում էի, որ նա կմնա։ Նրան տեսնում էի որպես ակումբի ապագայի 7–8 առանցքային խաղացողներից մեկը», — ընդգծել է մարզիչը։
Կիսապաշտպանության առաջատարներից մեկի հեռանալուց հետո «Լացիոն» ստիպված է շտապ փոխարինող փնտրել։ Հնարավոր թեկնածուների թվում նախկինում նշվում էր Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, սակայն այս պահին ամենամոտ տարբերակը համարվում է «Այաքսի» կիսապաշտպան Քենեթ Թեյլորը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նիդերլանդացի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը կարող է կազմել մոտ 15 միլիոն եվրո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0