Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձավ Կոլումբիայի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մինչ ամբողջ ֆուտբոլային աշխարհը հետևում էր աղմկոտ տրանսֆերներին ու եվրագավաթներին, Կոլումբիայում ավարտվեց մի առաջնություն, որն ունեցավ հուզիչ եզրափակիչ և անսպասելի հերոս։ Բոգոտայից «Ինդեպենդիենտե Սանտա Ֆե»-ն դարձավ Կոլումբիայի 2025-I մրցաշրջանի չեմպիոն՝ եզրափակիչ խաղում 2։1 հաշվով հաղթելով «Մեդելին»-ին։
Եզրափակիչի գլխավոր հերոսը դարձավ 39-ամյա Ուգո Ռոդալյեգան, ով հաղթական գոլը խփեց՝ խաղի ընթացքում ստացած վնասվածքի պայմաններում։ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախկին հարձակվողը ավարտեց հանդիպումը գրեթե մի ոտքով, սակայն հասցրեց իր թիմին բերել տիտղոսը և դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ 10 գոլով։

Դրամատիկ եզրափակիչի ստվերում մնաց մի կարևոր փաստ. «Սանտա Ֆե»-ի կազմում հերթական տիտղոսը նվաճեց Հայաստանի ազգային հավաքականի աջ պաշտպան Ժորդի Մոնրոյ Արարատը։ 2025 թվականի մրցաշրջանում նա մասնակցեց 11 խաղի և գրանցեց մեկ գոլային փոխանցում։ 29-ամյա ֆուտբոլիստի համար սա երկրորդ չեմպիոնությունն էր Կոլումբիայում․ 2016-ին նա նույնպես չեմպիոն էր դարձել «Սանտա Ֆե»-ի կազմում։
Կոլումբիայում ծնված ու մեծացած, սակայն Հայաստանի ազգային թիմում հանդես եկող Ժորդի Արարատը կրկին ապացուցեց իր կարևորությունը հայրենիքում։ Նրա կայուն խաղը, փորձն ու բազմակողմանիությունը օգնեցին թիմին հաղթահարել երկար ճանապարհն ու ավարտել մրցաշրջանը գագաթնակետին։ 2025 թվականի չեմպիոնությունն «Սանտա Ֆե»-ի համար տասներորդն էր պատմության մեջ և առաջինը վերջին ինը տարվա ընթացքում։
Պաշտպանի հաշվին կա 8 խաղ Հայաստանի ազգային հավաքականում, իսկ վերջին անգամ նա հրավիրվել է ընտրանի 2023 թվականին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0