Ֆրանսիական պատվիրակությունը այցելեց «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբ
Վերջերս «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը հյուրընկալեց բարձր մակարդակի հյուրերի Ֆրանսիայից։ Հայկական ակումբ էին այցելել Ֆրանսիայի սպորտի դեսպան Սամուել Դյուկրոկեն, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը:
Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան «Սարդարապատ»-ի պատմությանը, նրա ակադեմիային, ենթակառուցվածքին, ինչպես նաև ակումբի առաքելությանն ու նպատակներին։ Քննարկվեցին ընթացիկ և ապագա ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ֆուտբոլային համագործակցության հնարավոր ուղղությունները։
«Սարդարապատ»-ի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանը ընդգծեց այցի կարևորությունը.
«Մեզ համար մեծ պատիվ էր ընդունել Ֆրանսիայի սպորտի դեսպանին և ֆրանսիական դեսպանության ներկայացուցիչներին։ Վստահ եմ, որ այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի ակումբի և տարածաշրջանի ֆուտբոլի զարգացման համար», – Անուշ Անանյանի խոսքերը փոխանցում է FastNews.am.-ը։
Սամուել Դյուկրոկեն, ով Ֆրանսիայի «Լանս» ակումբի երկրպագու է (որը հանդիսանում է «Սարդարապատ»-ի գործընկերը), հանդիպեց ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստների հետ։ Նա կիսվեց իր տպավորություններով՝ նշելով, որ մանկության տարիներին միայն կարող էր երազել նման պայմաններում մարզվելու մասին։ Նա նաև հիշեցրեց 2024 թվականին Փարիզում անցկացված Օլիմպիական խաղերը և ընդգծեց 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կարևորությունը։
Այցի ավարտին տեղի ունեցավ ընկերական հանդիպում, որին մասնակցեց նաև ֆրանսիացի դիվանագետը։ Սա հնարավորություն տվեց հյուրերին դրսևորելու իրենց հմտությունները խաղադաշտում և ավելի մտերմանալու ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստների հետ։
«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2021 թվականին՝ «Լանս»-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում։ Ֆրանսիական ակումբի մեթոդները և մարզման ծրագրերը հաջողությամբ ադապտացվել են Հայաստանում։ Ակումբի ակադեմիան որակյալ ֆուտբոլային կրթություն է տրամադրում ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին։ Մարզումները անցկացվում են Արմավիր քաղաքում գտնվող ժամանակակից մարզադպրոցում, որը հագեցած է երիտասարդ մարզիկների պատրաստման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։
Այս այցը ևս մեկ քայլ էր Հայաստանի և Ֆրանսիայի ֆուտբոլային կապերի ամրապնդման ուղղությամբ և նոր հեռանկարներ բացեց ակումբի ու երկրների սպորտային համագործակցության զարգացման համար։


Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0