Ֆինանսական ճգնաժամը վտանգի տակ է դրել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ապագան
Հայաստանի ամենահին և ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկը՝ Գյումրու «Շիրակը», հայտնվել է փակման կամ հարկադիր իջեցման եզրին՝ լուրջ ֆինանսական դժվարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է «Մատչ TV»-ն։
Ակումբի ղեկավարությունն արդեն նախաձեռնել է Գյումրու ֆուտբոլային ակադեմիան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) վերահսկողությանն անցնելու գործընթացը, ինչը կարող է վկայել ճգնաժամի հետևանքները նվազեցնելու փորձի մասին։
Ներկա պահին «Շիրակը» Հայաստանի առաջնությունում զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ 29 տուրում վաստակելով 35 միավոր։ Չնայած դրան, ակումբը կարող է դուրս մնալ բարձրագույն խմբից ոչ մարզական պատճառներով։ Հնարավոր է, որ թիմը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Առաջին խմբում։
Պատմականորեն «Շիրակը» համարվում է երկրի առաջատար ակումբներից մեկը․ թիմը չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, երկու անգամ՝ գավաթակիր և հինգ անգամ՝ սուպերգավաթակիր։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում «Շիրակը» սեփական նախաձեռնությամբ լքել էր Բարձրագույն լիգան և մեկ տարի անցկացրել Առաջին խմբում, որից հետո վերադարձել էր էլիտար մակարդակ։
2010 թվականից ակումբի սեփականատերն է «Sovrano» հոլդինգի ղեկավար Արման Սահակյանը, ով բազմիցս քննադատել է ՀՖՖ ղեկավարությանը, մասնավորապես՝ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ բացեիբաց կոչ անելով վերջինիս հրաժարականին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0