Ֆերենցվարոշն ու Նոան հրաշալի հանդիպում անցկացրեցին Բուդապեշտում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 30-ին Բուդապեշտի լեփ-լեցուն «Գրուպամա Արենայում» տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը «Ֆերենցվարոշի» և «Նոայի» միջև։ Թիմերը երկրպագուներին իսկական գոլային թրիլեր նվիրեցին, որը ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի։ Երկու հանդիպումների ընդհանուր հաշվով հունգարական ակումբը անցավ ՉԼ երրորդ փուլ՝ 6:4 հաշվով։
Արդեն 1-ին րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի հարձակվող Ալեքսանդար Պեշիչը, սակայն «Նոան» արագ հավասարեցրեց․ Էլդեր Ֆերեյրան գեղեցիկ փոխանցումից հետո Սերգեյ Մուրադյանի հետ մեկ-մեկ դուրս եկավ դարպասապահի դեմ և անօգնական թողեց նրան։ 12-րդ րոպեին Լենի Ջոզեֆը նորից առաջ բերեց «Ֆերենցվարոշին»՝ եզրափակելով Տոտի փոխանցումը, սակայն հայկական ակումբը կրկին պատասխանեց․ տասը րոպե անց Մաեուս Այասը եզրափակեց Ֆերեյրայի փոխանցումը։
Հավասար հաշիվով՝ 2:2, թիմերը գնացին ընդմիջման, որը ձեռնտու էր «Ֆերենցվարոշին»։ Երկրորդ կեսի սկզբում Ջոզեֆը վաստակեց 11 մետրանոց հարված, իսկ Զաքարիասենը վստահորեն իրացրեց այն՝ 3:2։ Սակայն «Նոան» չհանձնվեց և կրկին հավասարեցրեց հաշիվը․ Ալեն Գրգիչը գլխի հարվածով գրավեց դարպասը Տորարինսոնի փոխանցումից հետո։
Հանդիպման վերջում հայկական թիմը փորձում էր հաղթանակ կորզել, սակայն բաց թողեց վճռական գոլը․ 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Բարնաբաշ Վարգան վերջնական հաշիվը դարձրեց 4:3։
Գոլերի տեսանյութը․
Չեմպիոնների լիգայի երրորդ փուլում Հունգարիայի չեմպիոնը կհանդիպի բուլղարական «Լուդոգորեցին», որը մարզում է «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռույ Մոտան։
Իսկ «Նոան» կշարունակի եվրագավաթային պայքարը Եվրոպա լիգայում և կհանդիպի Գիբրալթարի «Լինքոլնի» հետ․ խաղերը կկայանան օգոստոսի 7-ին և 14-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0