Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա․ Հակոբովայի և Ռախմանինի տեղափոխությունը՝ պատմական իրադարձություն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Կարինա Հակոբովա — Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու որոշմանը։ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է զույգի տեղափոխությունը, և այժմ գեղասահորդները կներկայացնեն Հայաստանին միջազգային հարթակում։
Այս տեղափոխությունն իսկապես պատմական է՝ առաջին անգամ Հայաստանի գեղասահքի պատմության մեջ երկիրը կներկայացնի սպորտային զույգ։ Մինչ այժմ Հայաստանի հավաքականում հանդես են եկել միայն մենասահորդներ և պարային զույգեր, սակայն սպորտային զույգերի կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունեցել։
Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը միասին հանդես են գալիս 2020 թվականից, մարզվում են Սոչիում՝ օլիմպիական խաղերի մրցանակակիր Ֆյոդոր Կլիմովի գլխավորությամբ և ունեն մրցանակային տեղեր մի շարք միջազգային մրցաշարերում։ Ավելի վաղ տված հարցազրույցում Հակոբովան պատմել է, որ մանկուց երազել է հանդես գալ Հայաստանի համար, և այս քայլը իր վաղեմի երազանքի իրականացումն է։
Այժմ զույգը պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը կկայանա սեպտեմբերին՝ Պեկինում։ Ֆեդերացիան ընդգծում է՝ մեծ հավանականություն կա, որ հենց Հակոբովան և Ռախմանինը կկարողանան Հայաստանին օլիմպիական արտոնագիր բերել 2026 թվականի Միլան-Կորտինա ձմեռային խաղերի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0