«Այս խաղը՝ հանուն Հայաստանի»․ «Նոա»-ի նախագահի ուղերձը «ԱԶ»-ի դեմ խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը դիմել է երկրպագուներին մինչև Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումը «ԱԶ Ալկմաարի» դեմ։ Խաղը կկայանա փետրվարի 19-ին Երևանում, մեկնարկը՝ տեղական ժամանակով 21:45-ին։
Իր ուղերձում Վարդգես Վարդանյանը ընդգծել է ակումբի կրած հատուկ պատասխանատվությունը եվրոպական այս փուլում և երկրպագուների առանցքային դերը արդյունքի հասնելու գործում։
«Մենք զգում ենք այն հսկայական պատասխանատվությունը, որը կրում ենք մեր անցած ճանապարհի համար։ Մարզադաշտը մարդիկ են, և հենց մարդիկ են կերտում հաղթանակը՝ ուս ուսի տված։ Այն մթնոլորտը, որը դուք ստեղծում եք, ուժ է տալիս թիմին։ Աջակցության մշակույթը գերազանցության ճանապարհի կարևոր մասն է, և հենց ձեր շնորհիվ մենք այսօր այստեղ ենք», — նշել է Վարդանյանը։
«Նոա»-ի նախագահը նաև հիշեցրել է, որ հանդիպումը պատմական կլինի․ առաջին անգամ փետրվարին Հայաստանում կկայանա միջազգային ֆուտբոլային հանդիպում։
«Մենք գիտենք՝ ուշ է, ցուրտ է, բայց հեշտ ճանապարհներ չեն լինում։ Սա է եվրոպական ֆուտբոլը՝ իր կանոններով ու շնչով։ Այժմ նոր մարտահրավերի ժամանակն է՝ կանգնել հայկական թիմի կողքին փլեյ-օֆֆում։ Այս խաղը՝ հանուն Հայաստանի, հայկական ֆուտբոլի և մեր դրոշի։ Այս պայքարում դուք մեր հենարանն եք։ Մենք սպասում ենք լեփ-լեցուն և միասնական մարզադաշտի», — ասվում է ուղերձում։
Եզրափակելով՝ Վարդգես Վարդանյանը կոչ է արել երկրպագուներին աջակցել թիմին.
«Առա՛ջ, «Նոա», առա՛ջ, Հայաստան»։
«ԱԶ Ալկմաարի» դեմ հանդիպումը կդառնա երևանյան ակումբի պատմության ամենանշանակալի խաղերից մեկը և կարևոր փորձություն հայկական ֆուտբոլի համար եվրոպական ասպարեզում։
Նշենք նաև, որ այսօր «Նոա» ՖԱ-ն հանդիպել է երկրպագուների հետ պատմական խաղից առաջ։
Խաղի տոմսերը դեռ հասանելի են tickets.noah.am կայքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0