«Սա, իհարկե, վիրավորական է». Գլեբ Մոսեսովը Sportaran-ին տված հարցազրույցում՝ թե ինչու չի մեկնում Օլիմպիական խաղեր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը, որը վերջին տարիներին ցուցադրել է երկրի ներկայացուցիչների լավագույն արդյունքները, չի ընդգրկվել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի (Միլան–Կորտինա դ’Ամպեցո) հայտացուցակում։ Չնայած ձեռք բերված օլիմպիական լիցենզիային և հայկական լեռնադահուկային սպորտի չափանիշներով բարձր վարկանիշին, ֆեդերացիան ընտրությունը կատարել է մեկ այլ մարզիկի՝ Հարություն Հարությունյանի օգտին։
Sportaran-ը կապ հաստատեց Մոսեսովի հետ՝ պարզելու նրա արձագանքը որոշմանը։
— Բարև, Գլեբ, ինչպե՞ս է ընթանում Օլիմպիադային պատրաստությունը։
— Բարև, ցավոք, ես չեմ մեկնում Օլիմպիադա։
— Ինչո՞ւ այդպես ստացվեց։
— Այդ հարցը ավելի լավ է ուղղել ֆեդերացիային կամ մարզչական խորհրդին, քանի որ դա նրանց որոշումն է։
— Ինչպե՞ս իմացար որոշման մասին և ինչ զգացիր։ Դու նպատակային պատրաստվում էիր խաղերին։
— Կայացավ մարզչական խորհուրդ, որտեղ ընդունվեցին բոլոր որոշումները։ Սա, իհարկե, վիրավորական է, քանի որ ես փորձում եմ երկրի համար ցույց տալ հնարավորինս բարձր արդյունք և Հայաստանը դուրս բերել լավ միջազգային մակարդակի։ Շարունակելու եմ պատրաստվել Եվրոպայի գավաթի փուլերին և հնարավորինս արագ հավաքել անհրաժեշտ FIS միավորներ՝ Աշխարհի գավաթին մասնակցելու համար, որպեսզի զարգացնեմ Հայաստանը համաշխարհային լեռնադահուկային սպորտում։
Հարությունյանի շանսերի մասին հարցին Մոսեսովը պատասխանեց կարճ․
— Չգիտեմ, մրցումների ընթացքում կտեսնենք։
Այժմ Գլեբը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայում, որտեղ շարունակում է ելույթները։ Վերջին օրերին նա երկու անգամ բարձրացել է պատվո հարթակ, իսկ վերջին մեկնարկը եղել է հունվարի 28-ին։

Ինչ են ասում արդյունքները
Գլեբ Մոսեսով
-
FIS վարկանիշ՝ 279-րդ տեղ
-
2025-ին դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, որը հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ
-
Միանգամից երկու կարգերում՝ սլալոմ և հսկա սլալոմ
-
ԱԱ-2025-ում եզրափակիչ է անցել 6-րդ տեղով
-
2025-ի ամռանից նպատակային պատրաստվել է Օլիմպիադային
-
Մարզումներ՝ Ավստրիայում և Շվեյցարիայում
-
Մեկնարկներ՝ Ավստրիա, Իտալիա, Չինաստան, Գերմանիա, Սլովենիա, Բոսնիա
-
Այս արդյունքներն ապահովեցին Հայաստանին օլիմպիական լիցենզիա տղամարդկանց լեռնադահուկում
Հարություն Հարությունյան
-
FIS վարկանիշ՝ 2000-րդ տեղից դուրս
-
Մինչև 2026-ի հունվար հիմնականում ելույթներ միայն Հայաստանում
-
Հունվարին՝ մեկնարկներ Ավստրիայում (17–57-րդ տեղեր)
-
Վերջին մեկնարկ՝ հունվարի 14
-
ԱԱ-2025՝ 53-րդ տեղ
Հայաստանի հայտը Օլիմպիադա-2026
-
Միքայել Միքայելյան (դահուկավազք)
-
Կատյա Գալստյան (դահուկավազք)
-
Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին (գեղասահք, զույգեր)
Խաղերը կանցկացվեն 2026 թ. փետրվարի 6–22-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
3