Էլինա Ավանեսյանը նորացրել է Հայաստանի համար իր իսկ WTA վարկանիշային ռեկորդը
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը շարունակում է բարելավել իր դիրքերը համաշխարհային վարկանիշում։ WTA-ի թարմացված ցուցակում 22-ամյա մարզիկը բարձրացել է 36-րդ հորիզոնական, ինչը լավագույն արդյունքն է Հայաստանի համար կանանց թենիսում երբևէ։
Ավանեսյանը ընդհանուր առմամբ ունի 1435 վարկանիշային միավոր, ինչը թույլ է տվել նրան ևս երեք տեղով բարձրանալ։ Այս առաջընթացը հնարավոր է դարձել նրա կայուն ելույթների շնորհիվ, որտեղ նա վստահ խաղ է ցուցադրում ուժեղագույն մրցակիցների դեմ։
Կանանց թենիսի գագաթին շարունակում է մնալ բելառուս Արիանա Սաբալենկան (9606 միավոր), իսկ լավագույն հնգյակում են նաև Իգա Շվիոնտեկը (Լեհաստան, 7375), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5361) և Մեդիսոն Կիզը (ԱՄՆ, 5004)։
Տղամարդկանց ATP վարկանիշում շարունակում է գերիշխել Յանիկ Սինները (Իտալիա, 11330), որին հետևում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7945), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6910), Թեյլոր Ֆրիթցը (ԱՄՆ, 4900) և սերբ Նովակ Ջոկովիչը (3860), որը այս շաբաթ բարձրացել է հինգերորդ հորիզոնական։ Իսկ Կարեն Խաչանովը զբաղեցնում է 23-րդ տեղը ATP վարկանիշում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0