Ձմեռային Օլիմպիական խաղերի էկզոտիկան – 2026
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ փետրվարի 6-ին, Իտալիայում պաշտոնապես մեկնարկում են 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերը։ Ավանդական ձմեռային տերությունների հետ միասին Խաղերին կրկին մասնակցում են երկրներ, որոնք դժվար է պատկերացնել ձյան, դահուկների և սառույցի հետ կապված։ Այնուամենայնիվ, հենց նման պատմություններն են հաճախ դառնում Օլիմպիադաների ամենահիշվող էջերը։
Բոբսլեյ. Կարիբյան հետք
Ջամայկայի մասնակցությունը բոբսլեյում վաղուց այլևս զարմանալի չէ, իսկ 2022 թվականից նրան միացել է նաև Տրինիդադ և Տոբագոն։ Այդ երկրի հավաքականը ձևավորել է բրիտանացի օդաչու Աքսել Բրաունը, որը 2021 թվականին որոշել է ներկայացնել մոր հայրենիքը։ Բրաունն ու նրա экипաժը կրկին կմեկնարկեն նաև Միլանո–Կորտինայում։
Դահուկներ՝ Օլիմպիադա հասնելու ամենամատչելի ուղին
Էկզոտիկ հավաքականներին առավել հաճախ կարելի է տեսնել դահուկավազքում և լեռնադահուկային սպորտում, որտեղ համեմատաբար հեշտ է ստանալ օլիմպիական հիմնական քվոտա։ Հենց այս մարզաձևերում էլ թաքնված են Խաղերի ամենաանսովոր կերպարները։
Էկվադոր. միայնակ դահուկորդ և ամբողջ ֆեդերացիա
Էկվադորը Օլիմպիական խաղերում ներկայացնում է 46-ամյա դահուկորդ Կլաուս Յունգբլուտ Ռոդրիգեսը։
Ծնված լինելով Էկվադորում՝ Յունգբլուտը ապրել և մարզվել է Ավստրալիայում (Քվինսլենդ), իսկ այժմ բնակվում է Շվեյցարիայում։ 2016 թվականին նա դիմել է Էկվադորի ազգային օլիմպիական կոմիտե և դրա աջակցությամբ փաստացի ստեղծել երկրի դահուկային ֆեդերացիան, ինչը նրան թույլ է տվել հանդես գալ էկվադորյան դրոշի տակ։
2018 թվականին Յունգբլուտը դարձավ Էկվադորի առաջին ներկայացուցիչը ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ՝ Փհենչհանում զբաղեցնելով 108-րդ տեղը։ Նա բաց թողեց 2022 թվականի Խաղերը, սակայն 2026-ին վերադառնում է՝ արդեն 46 տարեկանում։
Նա միաժամանակ ֆեդերացիայի նախագահն է, մարզիչն ու մարզիկը՝ ամբողջությամբ սեփական ուժերով կազմակերպելով իր օլիմպիական ճանապարհը։ Բարձր տեղերի վրա Կլաուսը չի հավակնում, սակայն նրա պատմությունը երազանքին անսահման նվիրվածության օրինակ է։

Էրիթրեա. Օլիմպիադան որպես առաքելություն
Էրիթրեան աշխարհի ամենափակ երկրներից մեկն է և անգամ ֆուտբոլում չունի FIFA-ի վարկանիշ։ Առավել զարմանալի է, որ ձմեռային Օլիմպիական խաղերում այն ունի կայուն ներկայացուցիչ՝ լեռնադահուկորդ Շեննոն-Օգբնայ Աբեդան։
Աբեդան ծնվել է Կանադայում՝ Էրիթրեայից փախստականների ընտանիքում։ 2018 թվականին նա դարձավ երկրի պատմության առաջին ձմեռային օլիմպիական մարզիկը, ապա մասնակցեց Պեկին-2022-ին և այժմ մեկնել է իր երրորդ Օլիմպիադային։
Աբեդայի ամբողջ ընտանիքը փաստացի Էրիթրեայի օլիմպիական պատվիրակությունն է.
-
եղբայր Մետավի Աբեդան օգնում է սարքավորումների հարցում,
-
հայրը՝ Վալդայ Աբեդան, գլխավորում է թիմը։
Փհենչհանում Շեննոնը զբաղեցրեց 61-րդ տեղը հսկա սլալոմում, իսկ Պեկին-2022-ում արդեն 39-րդն էր՝ զգալիորեն բարձրացնելով իր մակարդակը։ Միլանո–Կորտինայում 29-ամյա մարզիկը նպատակ ունի հայտնվել թոփ-40-ում միանգամից երկու մարզաձևերում։
Աբեդայի համար Օլիմպիադան մեդալների մասին չէ։ Նրա առաքելությունը էրթրեական սփյուռքի ներգրավումն է և երկրում ձմեռային մարզաձևերի կայուն ապագայի ձևավորումը։ 2026 թվականի Խաղերից հետո նա նախատեսում է ավարտել կարիերան՝ թողնելով ոչ միայն արդյունքներ, այլև իրական հիմք հաջորդ սերունդների համար։

Բենին. երկար ճանապարհ դեպի առաջին մեկնարկ
Բենինը առաջին անգամ է ներկայացված ձմեռային Օլիմպիական խաղերում։ Այս էջը բացում է 21-ամյա լեռնադահուկորդ Նաթան Չիբոզոն։
Օլիմպիական մասնակցության գաղափարը դեռ 2021 թվականին առաջացել էր նրա հոր՝ Ժան-Լյուկ Չիբոզոյի մոտ, սակայն բյուրոկրատական դժվարությունները խանգարեցին Պեկինում դեբյուտին․ այն ժամանակ Նաթանը ստիպված էր հանդես գալ Տոգոյի դրոշի տակ։ Միայն 2025 թվականի վերջին նա վերջնականապես կարգավորեց քաղաքացիության հարցերը և ստացավ Իտալիայում Բենինը ներկայացնելու իրավունք։
Գվինեա-Բիսաու. բարդ ինքնություն
Ձմեռային Օլիմպիադայի ևս մեկ նոր երկիր դարձավ Գվինեա-Բիսաուն։ Այն ներկայացնում է 19-ամյա լեռնադահուկորդ Ուինսթոն Տանգը։
Տանգը ծնվել է ԱՄՆ-ի Պարկ Սիթի քաղաքում և ունի թայվանական, ամերիկյան ու գվինեա-բիսաուական արմատներ։ 2023 թվականին նա դեբյուտ արեց Չինաստանի դրոշի տակ, ապա հանդես եկավ ԱՄՆ դահուկային ֆեդերացիայի համակարգում, իսկ ավելի ուշ՝ Օլիմպիադա-2026-ի նախապատրաստման շրջանակում, ստացավ աֆրիկյան անձնագիր։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0