Եղիշե Մելիքյան․ «Ես եկել եմ աշխատելու և երկրպագուներին հույս տալու»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ առաջին պաշտոնական հանդիպումները կկայանան սեպտեմբերին՝ 6-ին Պորտուգալիայի, իսկ 9-ին՝ Իռլանդիայի դեմ՝ 2026 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում։
Այդ հանդիպումներից առաջ Մելիքյանը իր առաջին հարցազրույցը տվեց FFA TV-ին, որտեղ խոսեց սպասվող աշխատանքի, հավաքականի նպատակների և խնդիրների մասին։
Մինչ այդ Մելիքյանը գլխավորում էր Երևանի «Փյունիկը», որի հետ կարողացավ նշանակալի հաջողությունների հասնել թե՛ Հայաստանի առաջնությունում, թե՛ եվրոպական խաղերում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նա փոխարինեց հոլանդացի մասնագետ Ջոն վան’տ Շխիպին։
Եղիշե Մելիքյանի խոսքը
Սպասվող մարտահրավերների մասին
«Ես գիտակցաբար եկա այս ճանապարհին՝ հասկանալով մեր ապագա մրցակիցների ուժը։ Վստահ եմ՝ նման թիմերի հետ հանդիպումներից հետո մենք կունենանք ավելի մեծ փորձ և վերլուծության համար լայն հնարավորություն։ Այսպիսի խաղերը մեզ միշտ պետք են։
Իհարկե, այսքան կարճ ժամանակում դժվար է իրագործել այն ամենը, ինչ պլանավորում եմ։ Բայց մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, և իմ նպատակը նրանցից ստեղծել մարտունակ թիմ է։ Մինչև հիմա սխեմայի ու տակտիկայի մասին խոսելը վաղ է, սակայն կարող եմ ասել, որ իմ ռազմավարության հիմքը լինելու է հավատը, նվիրվածությունը և կարգապահությունը»։
Ֆուտբոլիստներից պահանջների մասին
«Ես եկել եմ աշխատելու բոլորի հետ, բայց եթե կան ֆուտբոլիստներ, որոնք չեն հասկանում մեր փիլիսոփայությունը և նպատակները, մենք նրանց հետ չենք կարող աշխատել։
Երբ ես խաղում էի Հայաստանի հավաքականում, հիմնականում հանդես էին գալիս տեղացի ֆուտբոլիստներ։ Այժմ կազմի մեծ մասը լեգեոներներ են։ Սա մտքի հարց է։ Պետք է խաղացողներին փոխանցել այն ոգին ու նվիրումը, որ մենք ունեինք այդ տարիներին։ Արտերկրից եկող ֆուտբոլիստները պետք է հասկանան․ սա ակումբ չէ, սա ազգային հավաքական է։ Այստեղ մենք խաղում ենք երկրի և երկրպագուների համար, ոչ թե մեզ համար»։
Հեռանկարների մասին
«Մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, բայց կան շատ ասպեկտներ, որտեղ կարող ենք ավելացնել։ Կա աճելու և զարգանալու հնարավորություն։ Ունենք շատ հեռանկարային երիտասարդ խաղացողներ և հիանալի երիտասարդական հավաքական լավ մարզչական շտաբով։
Ես համոզված եմ՝ եթե համբերատար լինենք և աշխատենք այս տղաների հետ, շուտով կունենանք շատ ուժեղ ազգային թիմ։ Ես ուշադիր հետևել եմ հավաքականի բոլոր խաղերին, ներկա եմ եղել բոլոր տնային հանդիպումներին։ Ես տեսնում եմ խնդիրները և գիտեմ՝ ինչպես լուծել։ Կարծում եմ՝ կես տարի կամ մեկ տարի անց մենք կտեսնենք բոլորովին այլ հավաքական»։
Փիլիսոփայության մասին
«Ինձ համար ֆուտբոլում ամենակարևորը՝ չպարտվել հանդերձարանում։ Դաշտում կարելի է զիջել, բայց հանդերձարանում՝ երբեք։ Երբ հաղթում ես հանդերձարանում, վաղ թե ուշ հաղթանակները գալիս են նաև դաշտում»։
Ֆեդերացիայի և երկրպագուների հետ աշխատանքի մասին
«Դուք գիտեք, որ ես քննադատել եմ ֆեդերացիային, բարձրացրել կարևոր հարցեր։ Դա կանեմ նաև հիմա, որովհետև այս աշխատանքի գալուց անմիջապես սկսեցի մտածել՝ ինչպես լուծել այդ խնդիրները։
Լավ գիտակցում եմ, թե որքան բարդ խնդիրներ են մեր առաջ։ Բայց վստահ եմ, որ ունենք կամք և հավատ՝ ամեն ինչ հաղթահարելու համար։ Վերջում ամեն ինչ լավ է լինելու։
Ֆուտբոլը գոյություն ունի երկրպագուների համար։ Ես լավ հասկանում եմ նրանց և ուզում եմ լինել հավաքականի կողքին հենց նրանց հետ։ Երկրպագուները պահանջներ ունեն․ նրանք սպասում են հաղթանակների և շատ են կարոտել դրանց։ Հենց դրա համար ես որոշեցի նրանց հույս տալ, ուզում եմ պարգևել արժանի հաղթանակներ։ Թերևս դա չստացվի անմիջապես, բայց ես կփորձեմ փոխել տրամադրությունը։
Ես եկել եմ այստեղ աշխատելու»։
Կարդացեք նաև․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0