Եղիշե Մելիքյան․ «Մեր մրցակիցը լուրջ է՝ սա Սան Մարինոն չէ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ նախքան ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը՝ Հունգարիայի «Դյորի» դեմ։ Մելիքյանը ընդգծեց մրցակցի ուժը, խոսեց տակտիկական որոշումների կարևորության մասին և մեկնաբանեց կազմի ընտրությունը։
Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը՝ նախքան «Դյորի» դեմ խաղը
— Մեր մրցակիցը լուրջ է, մենք դա գիտակցում ենք՝ սա Սան Մարինոն չէ։ Հասկանում ենք, որ հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել։ Ուսումնասիրել ենք նրանց խաղաոճը, դիտել ենք բոլոր ընկերական հանդիպումները։ Ես ուղարկել եմ իմ մարդկանց՝ տեղում հետևելու «Դյորի» խաղերին։ Ամեն ինչ վերլուծել ենք, մեր ձեռքում շատ տեղեկատվություն կա։
«Դյորը» խաղում է ժամանակակից, արագ ֆուտբոլ, օգտվում է պաշտպանների թիկունքը փոխանցումներից։ Ունեն լավ ստանդարտներ, համախմբված ու երիտասարդ կազմ։ Իհարկե, կան թույլ կողմեր, բայց չեմ բացահայտի ամեն բան։ Միայն կասեմ՝ մենք ավելի փորձառու թիմ ենք։ Նրանք երկար ժամանակ չեն խաղացել եվրագավաթներում՝ դա մեր առավելությունն է։ Ինչպես նաև մեզ կօգնի երկրպագուների աջակցությունն ու խաղացողների բնավորությունը։
Մեր մարզչական շտաբը լավ է պատրաստվել։ Մեր խաղացողներին շատ տեղեկություն ենք փոխանցել։ Մրցակիցը ուժեղ է, բայց վստահ եմ՝ նրանք էլ նույնը մտածում են մեր մասին։ Մենք շատ ենք ուզում անցնել հաջորդ փուլ։
«Դյորը» թույլ չէ «Ֆերենցվարոշից»․ Հունգարիայի գավաթում պարտվեցին միայն 11-մետրանոցներով։ Ունեն լավ հարձակվող, հզոր եզրայիններ, վստահելի պաշտպանություն։ Բայց մենք ունենք մեր տակտիկական հնարքները։ Հուսով եմ՝ կկարողանանք կիրառել դրանք։ Մեր հաղթանակի բանալին կարող է լինել տակտիկական խորամանկությունը՝ անհատապես նրանք ավելի ուժեղ են։ Վաղը կտեսնենք՝ կհաջողվի՞, թե ոչ։
Հարձակման գծում ունենք լավ խաղացողներ, բայց դեռ ոչ ոք իր լավագույն մարզավիճակում չէ։ Ամեն դեպքում, պետք է նրանց խաղաժամանակ տամ։ Դա ռիսկ է, բայց պատրաստ եմ այն վերցնել։
Ինչու՞ նախորդ խաղում մեկնարկային կազմում կային հին «Արարատ-Արմենիայի» հինգ ֆուտբոլիստներ։ Որովհետև այնտեղ լավ սելեկցիա կա։ Ուշադիր հետևում եմ Հայաստանի առաջնության բոլոր խաղացողներին։ Որոշ ակումբներ լավ են աշխատում տրանսֆերների ոլորտում, և ես ուրախ եմ նման խաղացողներ ձեռք բերել։ Ինչու՞ նրանք չեն մնում իրենց թիմերում՝ դա իմ գործը չէ։ Բայց եթե հնարավորություն կա՝ օգտվում եմ։
Ինչու՞ Ալեմաոն դարձավ ավագ։ Ես ունեմ իմ չափանիշները։ Նա փորձառու է, կարողանում է վերահսկել իրավիճակը, խոսել մրցավարների հետ և հարգված է թիմում։ Նա իդեալական է այդ դերի համար։
Ինչու՞ Բոպեսուն հայտացուցակում չէ։ Մենք բոլորս գիտենք՝ նա որակյալ խաղացող է, հիանալի վիճակագրությամբ։ Բայց կան խաղացողներ, որոնց չի համապատասխանում առաջնության մակարդակը կամ թիմի ոճը։ Նա պարզապես չկարողացավ ադապտացվել։ Նույնը կարող եմ ասել Վարազդատ Հարոյանի մասին՝ Հայաստանի հավաքականի լավագույն խաղացողներից մեկը։ Բայց իմ խաղաոճին չհամապատասխանեց։ Քննարկեցինք և բաժանվեցինք փոխադարձ հարգանքով։ Բոպեսուի դեպքում նույն իրավիճակն է՝ նա այս պահին զիջում է մրցակցությանը։ Կտեսնենք՝ Կայնուրգիոսը ինչպես կդրսևորվի։
Ինչ վերաբերում է Սեադ Իսլամովիչին՝ մեզ մոտ դժվար է ինտեգրվել։ Կա կայուն համակարգ, թիմային խաղ։ Դրա մեջ արագ ներգրավվելը բարդ է։ Բայց Սեադը ինձ դուր է գալիս՝ ունի լավ հատկանիշներ և ֆուտբոլային կրթություն։ Պետք է սպասել։
Սերոբ Գալստյանը նույնպես հրաշալի խաղացող է։ Վերցրել եմ նրա մարդկային հատկանիշների համար։ Հավատում եմ նրան։ Բայց դեռ վաղ է եվրագավաթներում խաղալու համար։ Պետք է փորձ ձեռք բերի առաջնությունում։ Վաղվա խաղում կտեսնեք՝ ես ընտրել եմ ավելի փորձառու խաղացողների։ Գալստյանը չի խաղա, բայց մրցաշրջանի ընթացքում հաստատ իր հնարավորությունը կստանա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0