Եղիշե Մելիքյան․ Իռլանդիայի դեմ խաղից հետո եկեք վայելենք հաղթանակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը կարևոր հաղթանակ տոնեց 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Երևանում Եղիշե Մելիքյանի սաները 2:1 հաշվով հաղթեցին Իռլանդիայի հավաքականին։ Այս արդյունքը ոչ միայն թարմ շունչ էր Պորտուգալիայի դեմ պարտությունից հետո, այլև ապացույց, որ թիմը կարող է վերակառուցվել և պայքարել ուժեղ մրցակիցների դեմ։
Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանեց լրագրողների հարցերին և ներկայացրեց իր տեսակետը խաղի, ֆուտբոլիստների և թիմի հետագա նպատակների մասին։
Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը Իռլանդիայի դեմ խաղից հետո
— Ինչպե՞ս էր խաղի պլանը։
— Պլանը հաղթելն էր։
— Հայաստանի հավաքականը շատ պահեր ուներ, բայց ոչ բոլորը իրացրեց։ Ինչպե՞ս կարելի է բարելավել իրացումը։
— Այո, իհարկե, Ռանոսը կարող էր ավելի շատ գոլ խփել, բայց նրա մոտ խաղային պրակտիկայի պակաս կա։ Ոչ միայն նա, այլև ուրիշ պահեր էլ եղան։ Մենք չենք կարող միշտ այսպես խաղալ ուժեղ թիմերի դեմ, պետք է բարելավել իրացումը։ Ամեն դեպքում ես գոհ եմ խաղից և հաղթանակից։ Ամենակարևորը՝ երկու գոլը բավարար էր հաղթանակի համար։
— Պորտուգալիայի դեմ մեր պաշտպանները անհաջող էին խաղում, բայց այսօր գերազանց էին։ Հատկապես լավ խաղաց ամենափորձառու ֆուտբոլիստը՝ Էրիկ Պիլոյանը։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց։
— Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին։ Հիշեք, երբ 0:5 պարտվեցինք, ես շատ չվշտացա։ Ես գլխավոր մարզիչն եմ և թիմի առաջնորդը, այդ պատճառով ուզում էի ոգեշնչել թիմին։ Խնդրում եմ, մի քննադատեք ու մի վիրավորեք մեզ չափից շատ, հատկապես Պորտուգալիայի դեմ խաղից հետո։ Մենք խնդիրներ ունեցող թիմ ենք, դրսից հեշտ է վիրավորել ու քննադատել ֆուտբոլիստներին։ Միայն ուժեղները մնում են միասին ու գնում մինչև վերջ։ Այդ խաղից հետո շատերը աջակցեցին ինձ և հավատացին մեզ, դա օգնեց։ Խաղից առաջ ասացի, որ մեր երկիրը և մեր ժողովուրդը հաղթանակի կարիք ունեն, և մենք հասանք դրան։ Եկեք վայելենք այս հաղթանակը։ Ինչ վերաբերում է պաշտպաններին, մենք շատ աշխատեցինք սխալների վրա։ Իռլանդիայի դեմ այդ սխալները չկային, այսինքն՝ լավ ենք պատրաստվել։ Առաջիկայում ևս բարդ խաղեր կլինեն, դժվար կլինի պահել կայունությունը, բայց կփորձենք ամեն ինչ ճիշտ անել։
— Երկրորդ խաղակեսում Նաիր Տիկնիզյանին հանձնարարություն տրվե՞ց խաղալ կեղծ ֆուլբեքի դերում։
— Այո, այդպիսի հանձնարարություն կար։ Կարելի էր նկատել, որ այսօր խաղացինք այլ սխեմայով, քան Պորտուգալիայի դեմ։ Դուք անակնկալ եք ուզում՝ մենք դա այսօր արեցինք։
— Ո՞ր պահը այս խաղում ձեզ ամենից շատ ուրախացրեց։
— Մեր գոլերում և խաղում ես տեսա տակտիկա, բնավորություն, հավատք, պայքար և նվիրվածություն թիմին։ Դա է այն, ինչ ուզում էի տեսնել։
— Ինչո՞ւ դարպասում կանգնած էր Օգնեն Չանչարևիչը։
— Հենրի Ավագյանը վնասվածք ուներ։ Բայց ես շատ գոհ եմ Չանչարևիչից և շնորհակալ նրան։ Խնդիրներ կային խաղում ոտքով, բայց դա նորմալ է․ Ավագյանը գիտի իմ տակտիկան «Փյունիկից», իսկ Օգնենը դեռ չի հարմարվել։
— Այսօր խաղադաշտ դուրս եկավ Արթուր Սերովյանը՝ չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը։ Նա ավելի քան մեկ ամիս չէր խաղացել։ Շատերը հարցնում են՝ ինչո՞ւ խաղացնել առանց պրակտիկայի ֆուտբոլիստներին։ Բայց Սերովյանը դուրս եկավ և շատ լավ խաղաց, նույնիսկ հաշվի չառնելով չհաշված գոլը։ Ի՞նչ կասեք նրա մասին։
— Այո, դուք նկատեցիք, որ այսօր Բիչախչյանը մեկնարկում չէր, ինչպես Պորտուգալիայի դեմ, որովհետև սխեման փոխեցինք։ Բայց Վահանը շատ ուժեղ խաղաց։ Մյուսները ևս շատ լավ մտան խաղի մեջ։ Կարևոր է, որ պահեստայինները ինձ վրա չվիրավորվեն։ Ես դա չեմ սիրում։ Նրանք պետք է դաշտ դուրս գան ու պայքարեն, ինչը ես այսօր էլ տեսա։ Սևիկյանն էլ խաղաց Պորտուգալիայի դեմ, թեև նրա մոտ էլ պրակտիկայի պակաս կա։ Ես պարզապես ուզում եմ օգնել իմ ֆուտբոլիստներին, վստահություն տալ, որպեսզի նրանց դիրքն ակումբներում բարելավվի։ Այսօր ուզում էի խաղացնել նաև Հովհաննես Հարությունյանին և Կարեն Նալբանդյանին, բայց խաղավերջում ծանր էր, ու չցանկացա ռիսկի դիմել։ Ամեն դեպքում ես բոլոր ֆուտբոլիստների մասին մտածում եմ։ Կլինեն նրանք, ովքեր կարող են վիրավորվել, բայց ես նրանց հետ խոսել եմ ու խնդրել ըմբռնումով մոտենալ։
— Ի՞նչ է պետք անել, որպեսզի կայունություն լինի։
— Իմ մոտեցումն այն է, որ երբեք չեմ թուլացնում ճնշումը, նույնիսկ եթե 10 խաղ անընդմեջ հաղթենք։ Վստահեցնում եմ՝ ֆուտբոլիստները միշտ պատրաստ կլինեն, և մենք միշտ կփորձենք այսպես խաղալ։ Ֆուտբոլում կայունությունն ամենադժվարն է, և շատ դժվար է հասնել դրան։ Ես դեռ հավատում եմ դրան, բայց պետք է շատ աշխատել։
— Ինչո՞ւ Դանիել Աղբալյանը երկու խաղում էլ հայտացուցակում չկար։ Դա ձեր որոշո՞ւմն էր, թե՞ վնասվածք ուներ։
— Ոչ, միայն իմ որոշումն էր։ Պարզապես պետք էր ինչ-որ մեկին դուրս թողնել հայտացուցակից։ Բայց նա էլ էր արժանի խաղալ։ Նա «ութնյակի» դիրքում է խաղում, որտեղ ունենք Հովհաննես Հարությունյան, Էդուարդ Սպերցյան, իսկ Դաշյանը ունիվերսալ է։ Ամեն դեպքում ինձ դուր է գալիս Աղբալյանի խաղը, պարզապես հիմա այդ դիրքում մեծ մրցակցություն կա։
— Ի՞նչ կասեք ավագ Տիգրան Բարսեղյանի մասին։
— Յուրաքանչյուր մարզիչ ունի իր դիրքորոշումը ավագի հարցում։ Եթե պետք լինի փոխել ավագին՝ կփոխենք, խնդիր չկա։ Բայց այս պահին Տիգրանը ինձ լիովին բավարարում է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0