Եղիշե Մելիքյան․ «Օտուբանջոն շատ բան է տվել ակումբին, բայց նրա հեռանալը «Դյորի» հետ խաղից առաջ՝ ֆուտբոլի մի մասն է»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը 2025/26թթ. ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումից (հուլիսի 31, Գյոր) առաջ կայացած նախախաղային ասուլիսում մեկնաբանեց հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի հեռացումը և կիսվեց սպասելիքներով։ Հիշեցնենք՝ առաջին խաղում Երևանում «Փյունիկը» հաղթել էր 2:1 հաշվով։
Օտուբանջոյի բացակայության մասին․
«Սա, իհարկե, անկանխատեսելի կորուստ է։ Բայց սա ֆուտբոլ է․ նրա պայմանագիրը ավարտվում էր օգոստոսի 1-ին, և նա առաջարկ ուներ մեկ այլ ակումբից։ Նա շատ բան է տվել մեր ակումբին, ուստի մենք նրան ճանապարհել ենք՝ չվերցնելով այս խաղին, քանի որ նա շատ շահավետ առաջարկ ուներ։ Սխալ կլիներ խաղացողին բերել այստեղ, երբ նա արդեն մտքերով մեկ այլ թիմում է։ Սա ֆուտբոլ է․ մեզ դա դուր գա թե ոչ, այստեղ մեղավորներ չկան»։
Առաջիկա խաղի մասին․
«Վաղը դժվար խաղ է լինելու։ Մենք կարողացանք հաղթել տանը մեծ դժվարությամբ, իսկ դրսում ավելի դժվար կլինի։ Մենք հոգեբանորեն և մարտավարապես պատրաստ ենք ամեն ինչի։ Ես չեմ կարծում, որ վաղը մենք կունենանք խնդիրներ, որոնք չենք կարողանա լուծել, չնայած խաղը իսկապես դժվար է լինելու։ Մենք ավելի լավ ենք ուսումնասիրել մեր մրցակիցներին և գիտենք, որ նրանք ավելի լավ կխաղան տանը։ Մենք կսկսենք այն մտքից, որ հաշիվը 0:0 է, և մենք կփորձենք հաղթել այս խաղում»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0