Եղիշե Մելիքյան․ «Պարտավոր ենք անցնել առաջ և հաղթել»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից առաջ՝ Երևանի «Փյունիկի» և Սան-Մարինոյի «Տրե Ֆիորիի» միջև, կայացավ հայկական թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը Սան-Մարինոյում «Փյունիկը» անակնկալ կերպով պարտվեց 0:1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում՝ ժամը 20:00-ին։
Մելիքյանը խոստովանեց, որ թիմը թերագնահատել է մրցակցին, ինչը դարձել է պարտության պատճառներից մեկը.
«Մենք իրավունք չունեինք պարտվելու առաջին խաղում՝ անկախ մեր մարզավիճակից։ Մեզ մոտ դեռ շանս կա ամեն ինչ ուղղելու։ Պարտավոր ենք անցնել հաջորդ փուլ ու հաղթել։ Կանի ամեն ինչ դրա համար։ Չնայած չէի ուզում ասել, սակայն թիմում մոտիվացիայի պակաս կար՝ պայմանավորված մրցակցի թերագնահատմամբ՝ Սան-Մարինոյի գործոնը ազդեց։ Միգուցե ես չկարողացա թիմին ճիշտ կերպով տրամադրել»։
Մարզիչը անդրադարձավ նաև ակումբի նախագահի խոսքերին.
«Առաջին խաղից հետո նախագահը հայտարարեց, թե թիմը պատրաստ է մրցաշրջանին։ Բայց ես այդպես չեմ կարծում։ Չգիտեմ՝ որտեղից է նման ինֆորմացիան։ Ես այդպես չեմ ասել։ Ես եմ գլխավոր մարզիչը և միայն ես կարող եմ իմանալ՝ որքանով է թիմը պատրաստ։ Այժմ պատրաստ չենք 100 տոկոսով, բայց դա չի արդարացնում պարտությունը։ Որոշ խաղացողներ շատ ուշ միացան թիմին և չհասցրին լիարժեք պատրաստվել»։
Այնուամենայնիվ, Մելիքյանի խոսքով՝ թիմում մթնոլորտը դրական է.
«Ունենք լավ մթնոլորտ, հիանալի ֆուտբոլիստներ։ Մեկ խնդիր ունենք՝ ուշ սկսեցինք նախապատրաստական փուլը։ Բայց ես դրանում մեծ խնդիր չեմ տեսնում։ Ժամանակ է պետք։ Ղեկավարության հետ որոշ անհամաձայնություններ կան, երբ ես մի բան եմ ասում, նախագահը՝ մեկ այլ։ Բայց ես լիարժեք հարգանք ունեմ ակումբի ու ղեկավարության նկատմամբ։ Շարունակում եմ աշխատել և պատասխանատու եմ արդյունքի համար»։
Մելիքյանը ընդգծեց, որ պարտությունը Սան-Մարինոյում թիմի համար կարևոր դաս էր.
«Դա փորձ էր ու դաս։ Այժմ մեր մոտեցումը բոլորովին այլ է։ Ավելի լավ ենք ճանաչել մրցակցին, անցկացրել ենք տակտիկական վերլուծություն։ Հավատում ենք հաղթանակին»։
«Փյունիկի» գլխավոր մարզիչը առանձնացրեց երիտասարդ կիսապաշտպան Գևորգ Թարախչյանին․
«Նա լավ մարզավիճակում է, լավ նախապատրաստական փուլ անցավ։ Այո, առաջին խաղում գոհ չէի նրա խաղից, բայց նա նորից կլինի մեկնարկային կազմում։ Նա դեռ երիտասարդ է, և չեմ կարող հետևություններ անել մեկ խաղից։ Ցանկանում եմ հնարավորինս շատ հնարավորություններ տալ հայ ֆուտբոլիստներին։ Նա մեծ պոտենցիալ ունի, պարզապես ժամանակ է պետք»։
Պատասխան խաղը «Տրե Ֆիորիի» դեմ կլինի «Փյունիկի» համար նոր մրցաշրջանի գլխավոր փորձությունն այս փուլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0