Եղիշե Մելիքյան․ Իռլանդիային հաղթել հնարավոր է, բայց հեշտ չի լինելու
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ԵԱԼ-2026-ի ընտրական փուլի Իռլանդիայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։ Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Երևանում։
Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը Իռլանդիայի դեմ խաղից առաջ
— Ֆուտբոլիստները հասցրե՞լ են վերականգնվել այս խաղից առաջ։
— Շատ դժվար էր պատրաստվել թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես, քանի որ Պորտուգալիայից 0:5 հաշվով պարտությունը մեզ համար հարված էր։ Յուրաքանչյուր պարտություն, հատկապես նման խոշոր հաշվով, ազդում է, բայց մենք աշխատել ենք և պատրաստվել։
— Պորտուգալիան և Իռլանդիան նման թիմե՞ր են, թե՞ տարբեր։
— Իհարկե տարբեր են։ Իռլանդիան նույնպես մեզ համար ուժեղ հավաքական է, բայց նրանց հաղթելը ավելի իրատեսական է, քան Պորտուգալիային։ Հաղթելու շանսերը մեծ են ցանկության դեպքում, բայց դժվարությունները միևնույն է կլինեն։ Դա Պորտուգալիան չէ, բայց նույնպես բարձր մակարդակի թիմ է։
— Հայաստանը միշտ լավ է խաղում բրիտանական թիմերի դեմ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
— Չեմ ուզում նայել պատմությանը։ Կասեմ, որ Իռլանդիան ունի իր խաղաոճն ու ուժեղ կողմերը, որոնք մեզ համար խնդիրներ կստեղծեն։ Բայց մենք էլ ունենք մեր պլանը, որը կօգնի հաղթել։
— Ավագյանը վնասվածք ստացավ Պորտուգալիայի դեմ խաղում։ Կկարողանա՞ նա խաղալ, և կա՞ն արդյոք այլ կորուստներ։
— Ներեցեք, բայց այդ հարցին չեմ կարող պատասխանել, որպեսզի մրցակցին տեղեկություն չտամ։
— Իռլանդիան երկար ճանապարհ է անցել Դուբլինից և ծանր խաղ է անցկացրել Հունգարիայի դեմ։ Նրանց մոտ հոգնածության խնդիր կլինի՞։
— Մենք էլ նույն օրը խաղացինք, ուստի չեմ կարծում, որ մեզ մոտ առավելություն կլինի։ Մեր միակ առավելությունը երկրպագուներն են, որոնք հավատում են մեզ։
— Վերլուծե՞լ եք պաշտպանական խաղը Պորտուգալիայի դեմ, որպեսզի դա չկրկնվի։
— Այո, նայել ենք, աշխատել ենք, բայց ժամանակը չի հերիքել ամեն ինչ փորձարկել։ Պետք է ժամանակ, որպեսզի կառուցենք թիմ։ Ինձ կես տարի է պետք՝ ամեն ինչ շտկելու և իմ խաղաոճը ներդնելու համար։ Կային անհատական սխալներ, ֆուտբոլիստները դեռ չեն ճանաչում իմ փիլիսոփայությունը և ինչպես պետք է խաղալ իմ ֆուտբոլը։
— Իռլանդիայի հավաքականից վնասվածքի պատճառով դուրս մնաց աջ վինգեր Սմոդիքսը, իսկ նրա փոխարեն հրավիրեցին կենտրոնական պաշտպան։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
— Մենք ուշադիր ուսումնասիրել ենք Իռլանդիայի խաղը։ Չեմ կարծում, որ նրանք այս երկու օրում գլոբալ փոփոխություններ անեն։ Բայց եթե անեն, մենք պատրաստ ենք արձագանքել։
— Կես տարի կամ մեկ տարի բավարար կլինի՞ ձեր փիլիսոփայությունը ներդնելու համար։
— Այո, իհարկե։ Քանի որ թիմը արդեն կա, կան լավ ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են։ Եթե սկսեի զրոյից, այդքան ժամանակը քիչ կլիներ, բայց մենք արդեն ունենք ուժեղ խաղացողներ։
— Ինչ լեզվով եք աշխատում հավաքականում, հաշվի առնելով, որ խաղացողները տարբեր լեզուներով են խոսում։
— Չարժե լեզվի վրա կենտրոնանալ։ Կարևորն այն է, որ բոլոր ֆուտբոլիստները իրենց երկրի հայրենասերներն են։ Մենք հրավիրել ենք ուժեղ խաղացողներ արտերկրից, և նորմալ է, որ նրանք տարբեր լեզուներով են խոսում։ Վարժանքներին ես օգտագործում եմ հայերեն և ռուսերեն, նաև ունենք թարգմանիչ անգլերենով։ Խնդիր չեմ տեսնում։ Ես միշտ աշխատել եմ թարգմանչի հետ։ Ամենակարևորը՝ խաղացողների նվիրվածությունն է։
— Տիգրան Բարսեղյանը առաջին անգամ капитանի թևկապով խաղաց Պորտուգալիայի դեմ։ Ի՞նչ տպավորություններ ունեք։
— Կասեմ, որ Տիգրանը ինձ լիովին բավարարում է։ Նրա կարգապահությունը, նվիրվածությունը և բնավորությունը համապատասխանում են ավագին։ Ապագայում ավագը կարող է փոխվել, բայց հիմա Տիգրանը արժանի է։ Բոլորը գիտեն, որ նրա բնավորությունը բարդ է, և դա պետք է ճիշտ օգտագործել խաղերում։ Մինչև հիմա ինձ մոտ ստացվում է։ Ես սիրում եմ ուժեղ բնավորությամբ խաղացողներին՝ ուժեղ, ագրեսիվ։ Նրանց հետ պետք է յուրահատուկ աշխատել, և ես գիտեմ՝ ինչպես դա անել։
Հայաստան - Իռլանդիա խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին, Երևանում, Հանրապետական մարզադաշտում, տեղական ժամանակով՝ 20:00-ին։ Սա կլինի F խմբի երկրորդ տուրը․ առաջինում Հայաստանը 0:5 հաշվով զիջեց Պորտուգալիային։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0