Էդուարդ Սպերցյանը կոտրել է ատամները, սակայն կարող է ստանալ մինչև 10 խաղ բացակայություն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարի» ավագը և Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը՝ Էդուարդ Սպերցյանը, կարող է որակազրկվել մինչև 10 խաղով, եթե ՌՖՍ-ի Կարգապահական կոմիտեն ապացուցի, որ նա թույլ է տվել ռասիստական արտահայտություն «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի հասցեին։ Այս մասին հայտնել է իրավաբան Անտոն Պրոկոպեցը «Match TV»-ի եթերում։ Առավելագույն պատժի դեպքում Սպերցյանը որակազրկված կլինի մինչև 2026 թվականի մարտի վերջը։
Ինցիդենտը տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Կրասնոդար» – «Ախմատ» (2:0) խաղում։ Խաղի 85-րդ րոպեին Ուսման Նդոնգը ստացել է ուղիղ կարմիր քարտ՝ Սպերցյանի ծնոտին հարվածելու համար։ Խաղից հետո սենեգալցի պաշտպանն ասել է, թե հայ կիսապաշտպանը իրեն վիրավորել է ռասայական հիմքով՝ պորտուգալերեն նրան անվանելով «սև թափոն»։
26-ամյա սենեգալցի Նդոնգը այս ամռանը տեղափոխվել է ռուսական առաջնություն՝ Իրանի լիգայից։
«Ախմատ» ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ լիովին աջակցելով իր ֆուտբոլիստին.
«Ռասիզմին՝ ոչ։ Մենք աջակցում ենք Ուսման Նդոնգին, որը ենթարկվել է ռասայական վիրավորանքի։ Մենք վստահում ենք մեր խաղացողին՝ աստվածավախ, բարոյական և բարի մարդուն, և դատապարտում ենք ռասիզմի ցանկացած դրսևորում», — ասվում է Գռոզնիի ակումբի հաղորդագրության մեջ։
Ինքը՝ Սպերցյանը, կտրականապես մերժել է մեղադրանքները՝ նշելով, որ հենց Նդոնգն է սկսել վեճը և առաջինը վիրավորել։
«Նման բան չի եղել։ Նա ամբողջ խաղի ընթացքում սադրանքներ էր անում։ Սկզբում նա ինձ իսպաներենով վիրավորեց, ես պարզապես պատասխանեցի՝ “Cala boca” — նշանակում է “լռիր”։ Ինչպե՞ս կարող էի ասել այն, ինչում նա ինձ մեղադրում է։ Բոլոր խաղացողները կողքիս էին և ամեն ինչ լսեցին», — ընդգծել է «Կրասնոդարի» ավագը։

Հայ ֆուտբոլիստը նաև պատմել է, որ միջադեպից հետո ստացել է վնասվածք.
«Նա ինձ կոտրեց մի քանի վերին ատամ։ Հիմա բուժում է պետք, իսկ դա թանկ է։ Կարծում եմ՝ նա պետք է առաջինը ներողություն խնդրի․ վնասեց իր թիմին հեռացմամբ և հիմա փորձում է հորինել պատմություն»։
ՌՖՍ-ի Կարգապահական կոմիտեն ուսումնասիրում է միջադեպը՝ պահանջելով տեսագրություններ, արձանագրություններ և երկու կողմերի բացատրություններ։ Որոշումը սպասվում է առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ «Ախմատի» հետ հանդիպումից հետո Սպերցյանը կմիանա Հայաստանի հավաքականին՝ Հունգարիայի և Իռլանդիայի դեմ ԱԱ-2026-ի որակավորման խաղերին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0