Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Photo by Jose Manuel Alvarez Rey/Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 2025 թվականի արդյունքներով արժանացել է երկրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Քվեարկության ընթացքում նա հավաքել է 17 ձայն և վստահորեն առաջ անցել մրցակիցներից։
Անցնող տարում 25-ամյա Սպերցյանը դարձել է ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը՝ Հայաստանի հավաքականի կազմում խփելով 5 գոլ։ Ակումբային մակարդակում նա նույնպես պատմական հաջողության է հասել՝ «Կրասնոդարի» հետ առաջին անգամ իր կարիերայում դառնալով Ռուսաստանի չեմպիոն։
Հետաքրքիր է, որ Սպերցյանի հիմնական մրցակիցը եղել է Հենրիխ Մխիթարյանը, որը ստացել է 8 ձայն։ Սակայն փորձառու կիսապաշտպանի օգտին քվեարկել են բացառապես Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները, UEFA-ի ներկայացուցիչները և Fast Media-ն։ Մնացած լրատվամիջոցները նախապատվությունը տվել են Սպերցյանին։
Այս մրցանակը Էդուարդի համար դարձել է երկրորդը կարիերայում։ Առաջին անգամ նա ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ 2022 թվականին, որից հետո 2023 և 2024 թվականներին տիտղոսը ստացել էր Մխիթարյանը։ Այժմ Սպերցյանը կրկին հաստատեց իր կարգավիճակը որպես հայկական ֆուտբոլի առաջատարներից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0