Էդուարդ Սպերցյանը հաստատեց «Սաութհեմփթոնի» հետաքրքրությունը․ Ուիլ Սթիլը բարձր է գնահատել «Կրասնոդարի» ավագին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը հաստատել է, որ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը գտնվում է ակումբի հետաքրքրությունների շրջանակում, սակայն հրաժարվել է մանրամասնել հնարավոր տրանսֆերի մասին։
Daily Echo-ին տված հարցազրույցում 32-ամյա մասնագետն ընդգծել է, որ նախընտրում է չքննարկել այլ ակումբներին պատկանող խաղացողների և գործել առավել զուսպ տրանսֆերային հարցերում։
«Սա նույնն է, ինչ Ռուդոնիի հետ անցած շաբաթ։ Մենք ունենք մեծ ցուցակ խաղացողների, որոնց ուսումնասիրում ենք, և Էդուարդը այդ ցուցակի մասն է։ Նա լավ ֆուտբոլիստ է՝ ապացուցված մակարդակով, և մենք միշտ հետաքրքրվում ենք ուժեղ խաղացողներով։ Բայց սա ամենն է, ինչ կարող եմ ասել», — ասել է Սթիլը։
25-ամյա Սպերցյանը նախօրեին «Մատչ TV»-ի եթերում հաստատել է, որ «Սաութհեմփթոնը» առաջարկ է ներկայացրել իր տեղափոխության վերաբերյալ։ Լրագրող Իվան Կարպովի տեղեկություններով՝ խոսքը մոտ 12 միլիոն եվրոյի մասին է։ Վերջնական որոշումը կիսապաշտպանը կընդունի «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկու հետ զրույցից հետո։
«Դեռ վաղ է խոսել տեղափոխության մասին, բայց ամեն ինչ լուրջ է՝ կա կոնկրետ առաջարկ։ Հիմա կվերադառնամ Краснодар, կզրուցեմ նախագահի հետ, և միասին կսահմանենք հետագա քայլերը», — նշել է Սպերցյանը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ռուսական ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի ամառը, իսկ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
Բացի Սպերցյանից, «Սաութհեմփթոնը» հետաքրքրված է նաև «Կովենթրիի» կիսապաշտպան Ջեք Ռուդոնիով։ Թիմի համար առաջնահերթ է մնում կիսապաշտպանության ստեղծագործական գծի ուժեղացումը։
Զուգահեռաբար ակումբը աշխատում է նաև խաղացողների հեռացման ուղղությամբ․ հնարավոր է հեռանան Ջո Արիբոն, որի պայմանագրի վերջին տարին է մնացել, և Սեմ Էդոզին, որի նկատմամբ արդեն կան առաջարկներ, այդ թվում՝ «Ստրասբուրից» և «Բրյուգեից»։
Սթիլը նաև հայտնել է, որ մտադիր է պայմանագիր կնքել երրորդ փորձառու դարպասապահի հետ՝ Գևին Բազունուի և Ալեքս ՄաքՔարթիի հետ ռոտացիայի համար։ Ներկայումս պահեստայինի դերը կատարում է 17-ամյա Դիլան Մուդին, որը հանդես է գալիս երիտասարդական կազմում։
Նոր մրցաշրջանում «Սաութհեմփթոնը» վերադարձել է Չեմփիոնշիփ ԱՊԼ-ից դուրս մնալուց հետո և սկսել է այն հաղթանակով՝ պահպանելով ակտիվությունը տրանսֆերային շուկայում մինչև ամառային պատուհանի փակվելը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0